ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Պիտեր Մանդելսոնին, որը մեղադրվում է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ առնչություն ունենալու համար, ոստիկանությունը ձերբակալել է։ Այս մասին հայտնում է Times թերթը։
«Այսօր ցերեկը քաղաքացիական հագուստով ոստիկանները լորդ Մանդելսոնին դուրս են բերել նրա լոնդոնյան տնից», – գրում է թերթը։
Բրիտանիայի ոստիկանությունը փետրվարի 8-ին քրեական հետաքննություն է սկսել Մանդելսոնի կողմից սկանդալային հայտնի Ջեֆրի Էպշտեյնին կառավարական ներքին փաստաթուղթ փոխանցելու վերաբերյալ։
2009 թվականին Մեծ Բրիտանիայի բիզնեսի և նորարարության գործերով նախարարի պաշտոնը զբաղեցնող Պիտեր Մանդելսոնի օգնականը ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնին կառավարական ելույթի պատճենն ուղարկել էր, նախքան այն կներկայացվեր հանրությանը։ Նշվում է, որ էլեկտրոնային նամակն ուղարկվել է 2009 թվականի հուլիսի 24-ին՝ Էպշտեյնի բանտից ազատվելուց ընդամենը երկու օր անց։
Բացի այդ նաև երեք առանձին վճարումներ են գրանցվել` յուրաքանչյուրը 25,000 դոլար, որոնք կատարվել են նախկին նախարար Մանդելսոնին Էպշտեյնի` J.P. Morgan բանկում ունեցած հաշիվներից։
2019 թվականին Էպշտեյնին ԱՄՆ-ում մեղադրանք առաջադրվեց սեռական շահագործման նպատակով անչափահասների վաճառքի համար, ինչը նախատեսում է մինչև 40 տարի ազատազրկում, և նման առևտրում ներգրավելու նպատակով դավադրության համար (մինչև հինգ տարի ազատազրկում): Մեղադրողների տեղեկություններով՝ 2002-2005 թվականներին Էպշտեյնը սեռական հարաբերություններ է ունեցել տասնյակ անչափահաս աղջիկների հետ, որոնց նա ընդունել է Նյու Յորքի և Ֆլորիդայի իր նստավայրերում: Նա նրանց կանխիկ հարյուրավոր դոլարներ է վճարել է, որից հետո զոհերից մի քանիսին հանձնարարել է ծառայել որպես հավաքագրող՝ նոր աղջիկներ բերելու համար: Զոհերից մի քանիսի տարիքը չէր գերազանցում 14 տարեկանը:
2019 թվականի հուլիսի սկզբին Նյու Յորքի Մանհեթենի դատարանն Էպշտեյնի ցուցմունքը լսելուց հետո որոշեց թողնել նրան կալանքի տակ և մերժել գրավի դիմաց ազատ արձակումը: Նույն թվականի հուլիսի վերջին հայտնի դարձավ, որ Էպշտեյնին գտել են բանտախցում՝ «կիսագիտակից» վիճակում, ինչից հետո նա մահացել է: Հետաքննությունը ցույց է տվել, որ նա ինքնասպան է եղել: