ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. «Ինտերը» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ մեկ տարվա պայմանագիր կկնքի, որը ենթադրում է աշխատավարձի մոտ 20% կրճատում և թիմում ֆուտբոլիստի կարգավիճակի փոփոխություն: Այս մասին հաղորդում է FcInterNews.it-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ նոր պայմանագրով նախատեսվում է Մխիթարյանին վերապահել ավելի շատ ռոտացիոն (պահեստային), բայց չափազանց կարևոր խաղացողի դեր։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 37-ամյա հայ ֆուտբոլիստի հետ բանակցությունները կսկսվեն մարտին։ Արդեն նախատեսված է «Ինտերի» ղեկավարության հանդիպումը Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտայի հետ։ Սա կլինի առաջին հստակ քայլը՝ քննարկելու մեկամյա պայմանագրի մանրամասներն ու հասկանալու՝ արդյոք հնարավոր է գալ ընդհանուր հայտարարի հայ ֆուտբոլիստի՝ Միլանում մնալու հարցում։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը միլանյան գրանդի կազմում մասնակցել է 26 հանդիպման` դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցմսն հեղինակ։