ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ տեղի կունենան փետրվարի 26-ին Ժնևում: Այս մասին հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ Բուսաիդին:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ հնարավոր է` ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլ տեղի ունենա փետրվարի 26-ին Ժնևում:
«Ուրախ եմ հաստատել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները նշանակված են փետրվարի 26-ին Ժնևում»,- գրել Է Բադր ալ Բուսաիդին X սոցիալական ցանցում:
Հիշեցնենք` իրանական միջուկային խնդրի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը (Օմանի միջնորդությամբ) տեղի է ունեցել փետրվարի 17-ին Ժնևում: Բանակցություններից հետո Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կաշխատեն այն տեքստերի վրա, որոնք կարող են դրվել հնարավոր պայմանավորվածության հիմքում:
Փետրվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Խաղաղության խորհրդի նիստում, հայտարարեց, որ Իրանի հետ գործարքի հարցում հստակություն կարող է լինել առաջիկա 10 օրվա ընթացքում: Միևնույն ժամանակ նա զգուշացրեց` կարող են շատ վատ բաներ լինել, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին։