Հայ օգնության ֆոնդի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնը, որտեղ այսօր 36 երեխա է ապրում, խնամատար ընտանիքներ է փնտրում 3-14-տարեկան 23 երեխաների համար։ Մյուսների դեպքում սեփական ընտանիքի հետ վերամիավորման հավանականությունը դեռ սպառված չէ։
Ուրիշի երեխային ընդունելը հեշտ չէ, բայց վերջնարդյունքն ամեն ինչ արժե
Հայաստանում խնամատար ծնողներ կարող են դառնալ ՀՀ քաղաքացիություն ունեցող 18–ից մինչև 65-տարեկան անձինք, այդ թվում՝ միայնակ մայրեր, երեխաներ ունեցող կամ չունեցող զույգեր։ Խնամատարությունը որդեգրումից տարբերվում է նախ և առաջ նրանով, որ ժամանակավոր է, առավելագույնը մինչև երեխայի 18 տարին լրանալն է։ «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանն առանձնակի սիրով է խոսում խնամատար ծնողների մասին, որոնք գիտակցաբար ճակատագրեր են փրկում, երեխաներին տալով ծնողական սեր, անվտանգության զգացում ու հույս ապագայի նկատմամբ։
Խնամատար ծնող դառնալու համար թեև նախնական պահանջները խիստ չեն, բայց ոչ բոլորն են վերջնակետին հասնում։ Երկրորդ փուլում արդեն պարզ է դառնում, թե խնամատար ծնողի թեկնածուն որքանով է պատրաստ ընդունել, խնամել, դաստիարակել երեխային։
«Լքված լինելը հեշտ բան չէ։ Այստեղ հայտնված երեխաներից շատերը բռնության զոհ են, ունեցել են ծանր մանկություն, ագրեսիվ են, կա մարդկանց ու աշխարհի հանդեպ վստահության պակաս... Խնամատար ծնողը սովորական ծնող չէ, նա փաստորեն դառնում է մեզ հետ նույն մասնագիտական թիմի անդամ։ Խնամատար ծնող դառնալ չի նշանակում միայն հաց ու ջուր տալ, հագցնել, դաս պատրաստել ... Դա նշանակում է երեխային դուրս բերել հուզական խառնաշփոթից, նրան սիրել, սխալներին ըմբռնումով մոտենալ։ Երբ սերը կա, երեխաները շատ արագ հետ են վերադառնում իրենց բնական վիճակին, ագրեսիվությունը, մեկուսացվածությունը, աշխարհին չվստահելը նվազում է»,–ասում է Անտոնյանը։
Միրա Անտոնյան
© Sputnik / Aram Nersesyan
Նա շեշտում է` եթե սկզբնական շրջանում երեխաները մեծ էներգիա են խլում, ապա հետո հարյուրապատիկ հետ են տալիս սիրո ու ջերմության տեսքով, որն աննկարագրելի փոխհատուցում է դառնում յուրաքանչյուր խնամատար ընտանիքի համար։
Սակայն պետք է գիտակցել, որ խնամատարությունը զուտ բարեգործություն չէ, ինչքան էլ որ մարդիկ փորձում են փրկել երեխաներին անհասկանալի և «լղոզված» հեռանկարներով ապագայից։ Խնամատարությունը կյանքի համար լուրջ և պատասխանատու որոշում է։
Կենտրոնի հոգեբան Նարինե Աբրահամյանը հիշեցնում է՝ որքան էլ երեխային տեղափոխենք դաժան, բռնացող կամ անտարբեր ընտանիքից, միևնույն է, նա լաց է լինելու իր մայրիկի, հայրիկի հետևից, քանի որ նրանք են իր աշխարհի կենտրոնը։
Նարինե Աբրահամյան
© Sputnik / Aram Nersesyan
«Խնամատարությունից ակնկալիքները երկու կողմից էլ շատ բարձր են։ Ծնողը գիտակցաբար կամ անգիտակցաբար ունի այն գաղափարը, որ ինքը ճակատագիր է փրկում, երեխան էլ մի կողմից շնորհակալ է խնամատար ծնողին իր նոր կյանքի համար, մյուս կողմից էլ խորը հոգեբանական պահանջմունք ունի ՝ իր կենսաբանական ծնողին լավը համարելու»,–ասաց Աբրահամյանը։
Եթե խնամատար ծնողն այս ամենը հաշվի չառնի և շահարկի երեխայի նախկին պատմությունը, փորձի հրամցնել այն գաղափարը, թե նրա կենսաբանական ծնողները չարիք էին, որից ինքն ազատվել է, կոնֆլիկտերն անխուսափելի կլինեն։ Խնամատար ծնող լինելն իր նրբություններն ունի, որից անհնար է գլուխ հանել առանց մասնագետների աջակցության։ Այդ է պատճառը, որ երեխաներին նոր ընտանիքներ ուղարկելուց հետո դռները նրանց հետևից չեն փակվում, և սոցիալական ու հոգեբանական աջակցությունը շարունակվում է։
Ե՞րբ է երեխան հանձնվում խնամատար ընտանիքին
Բոլոր այն դեպքերում, երբ պարզ է դառնում, որ երեխայի սեփական ընտանիքի հետ վերամիավորումը անհնար է, կենտրոնը դիմում է խնամակալության հանձնաժողովին (Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժնին կամ այն համայնքին , որտեղ ծնվել է երեխան)։ Համայնքն իր հերթին դիմում է Միասնական սոցիալական ծառայությանը։ Համապատասխան դիրքորոշում ստանալուց հետո վերջնական որոշումը կայացնում է համայնքի Առողջապահության և սոցիալական ոլորտի հանձնաժողովը։ Կենտրոնը համապատասխան փաստաթուղթը ստանալուց հետո արձանագրում է, որ երեխան չի կարող վերամիավորվել իր ընտանիքի հետ և կարող է գնալ խնամատար ընտանիք։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան բազայում գրանցվում են երեխայի տվյալները։ Խնամատար ծնողների թեկնածուներն իրենց հերթին անցնում են վերապատրաստում ՝ 36 ժամ (սպասվող օրենսդրական փոփոխություններով՝ 60 ժամ ) տևողությամբ ու սերտիֆիկացվում են որպես խնամատար ծնողների պոտենցիալ թեկնածուներ։
Մի շարք համադրություններ, ցանկություններ հաշվի առնելուց հետո խնամատար ծնողի թեկնածուներին ներկայացվում է երեխաների մասին ամբողջական տեղեկատվություն ՝ առանց երեխային ցույց տալու։ Այսինքն՝ ապագա խնամատարը ստանում է երեխայի վերաբերյալ հոգեբանի, սոցիալական աշխատողի եզրակացությունները, երեխայի անձնական հատկանիշները, ինտելեկտուալ , մտավոր մակարդակը, հոգեկան, ֆիզիկական առողջության հետ կապված տվյալները, լքման նախապատմությունը։ Երբեմն հենց այս փուլում գործընթացը կանգ է առնում, երբ խնամատար ծնողը ինչ–ինչ պատճառներով հրաժարվում է։
«Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնում
© Sputnik / Aram Nersesyan
Եթե ամեն ինչ բարեհաջող է անցնում, խնամատար ծնողն այցելում է կենտրոն։ Սկզբում թույլատրվում է երեխային տեսնել խմբում, հետո կարելի է երեխայի հետ միայնակ գտնվել նույն սենյակում, հետևել նրա խաղին։ Դեպքեր են լինում, որ ծնող–երեխա կապը միանգամից հաստատվում է և մի անգամ հյուր գնալուց հետո երեխաները չեն ցանկանում կենտրոն վերադառնալ։ Որոշ դեպքերում էլ երեխաներին երկու և ավելի ամիսներ է անհրաժեշտ լինում խնամատար ծնողի հետ հուզական կապ հաստատելու համար։
Երբ երեխան տեղափոխվում է ընտանիք, մասնագիտական թիմի աշխատանքը ինչպես առանձին երեխայի հետ, այնպես էլ խնամատար ծնողի հետ շարունակվում է` ճգնաժամային էտապները հաղթահարելու և ծնող–երեխա հարաբերություններն ամրապնդելու համար։
«Վերջերս ունեցել ենք երեխա, որ ավելի քան 4 տարի գտնվում էր ընտանիքում, բայց դեռահասության փուլում, երբ ավելացել էին տրավմատիկ հիշողությունները, կոնֆլիկտները, մեկ ամսով տեղափոխվեց մեզ մոտ։ Ինտենսիվ մասնագիտական աշխատանքից հետո երեխան վերարժևորեց իր հարաբերություններն ու վերադարձավ ընտանիք»,–ասաց Անտոնյանը։
Ի դեպ, «Մարդիգյան» կենտրոնում երեխաներ կարող են հայտնվել ոչ միայն սոցիալական անապահով կամ ոչ բարենպաստ ընտանիքներից։ Այդտեղ երեխաներ կան նաև սոցիալապես բավականին ապահով ընտանիքներից։ Երեխաներն այստեղ են հայտնվել տնից 1-2 անգամ փախչելուց հետո։
Որոշ դեպքերում էլ երեխայի դաստիարակության հարցում անհաղթահարելի խոչընդոտներին բախվելիս ծնողներն անձամբ են դիմում խնամակալության հանձնաժողով, հայտնում իրենց անկարողության մասին և օգնություն խնդրում մասնագետներից։ Բոլոր դեպքերում երեխաների համար մեծ սթրես է կենտրոն տեղափոխվելը և սկզբնական ադապտացիայի շրջանը։
«Իմ հետևի՞ց ես եկել»
Կարոտ, սպասում ու ապագայի նկատմամբ վախ. սրանք էմոցիաներ են, որ պատում են խնամքի կենտրոն տեղափոխված յուրաքանչյուր երեխայի։ Մինչ նախապատրաստվում ենք նկարահանումներին, կենտրոնի բակ է մտնում միկրոավտոբուսը։ Երեխաները մանկական սրճարանից էին վերադառնում։ Ես ու գործընկերս հետևում էինք ինչպես են երեխաները իջնում միկրոավտոբուսից, երբ նրանցից մի աղջնակ, երևի 5-6 տարեկան, արագ քայերով եկավ ու փարվեց ոտքիս. «Իմ հետևի՞ց ես եկել»...
Երեխաները միաբերան խոստովանում են՝ կենտրոն տեղափոխվելուց հետո սկզբում չեն համակերպվում, պահը բաց չեն թողում մի անկյուն մտնելու ու թաքուն լացելու համար։ Հետո հասկանում են, որ այստեղ մասնագետների միակ ցանկությունն իրենց օգնելն է կյանքի դժվարին փուլը հաղթահարելու, որոշ դեպքերում էլ նոր ընտանիք գտնելու համար։
Իսկ արդեն 16–17 տարեկան երեխաները մտածում են հնարավորինս շուտ ինքնուրույն ոտքի կանգնելու ու մեծ կյանք մտնելու մասին։
«Կուզեմ դերասանուհի դառնալ ու խաղալ մի ներկայացման մեջ, երբ կորցրել ես ամեն ինչ ու նոր ես գնահատում։ Հիմա այդ հոգեվիճակում եմ։ Կուզեմ մարդիկ հասկանան՝ ճիշտ չի, որ իրենց երեխային մենակ են թողում, ճիշտ չի, որ նրան ցավացնում են»,–մեզ հետ զրույցում ասում է կենտրոնում ապրող 16–ամյա աղջիկը։
Նա իրեն 10 տարի հետո պատկերացնում է սեփական անկյունը գտած մարդ, որը հասել է իր առջև դրված բոլոր նպատակներին։
Հայաստանում խնամատարության ենթակա 350 երեխա կա
Հայաստանում խնամատարությունը որպես այլընտրանքային խնամքի ձև, ստեղծվել է 2006 թվականին, բայց միս ու արյուն է ստացել 2018 թվականից հետո։ Դրան նպաստել են նաև 2019 թվականի օրենսդրական փոփոխությունները։ 2018 թվականի դրությամբ 17 խնամատար ընտանիքներում ապրում էր 18 երեխա, 2025 թվականի դեկտեմբերի տվյալներով 110 ընտանիքի խնամատարությանն է հանձնված 196 երեխա։
Խնամատարության ենթակա դեռ 350 երեխա կա՝ ճգնաժամային բոլոր հաստատություններում միասին։
Խնամատար ընտանիքը յուրաքանչյուր երեխայի համար պետությունից ստանում է 140 000 դրամ, 75 000-ը՝ որպես նվազագույն աշխատավարձ, մնացածը՝ նպաստ։ Այժմ նոր օրենսդրական փոփոխություններ են մշակվում, որոնցով ակնկալվում է, որ խնամատար ծնողներին հատկացվող գումարը կավելանա։ Ըստ տարբեր աղբյուրների` գումարի չափը կարող է հասնել մինչև 350.000 դրամի։