ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Գիտնականները Երկրի վիբրացիայի (Շումանի ռեզոնանս) հաճախականությունների կտրուկ աճ են արձանագրել, հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով MeteoAgent բջջային հավելվածը, որը NASA-ի և այլ օդատիեզերական գործակալությունների ամփոփագրերից տվյալներ է հավաքում օդերևութաբանական ու գեոմագնիսական երևույթների մասին:
Հավելվածում հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ աճի պատճառը Արեգակի վրա չափավոր բռնկումն է եղել։
Շումանի ռեզոնանսի աղբյուրներից մեկը կայծակի հարվածներն են (ամբողջ Երկրի վրա դրանք տեղի են ունենում օրական մոտ 8 միլիոն անգամ): Արդյունքում առաջանում են էլեկտրամագնիսական ալիքներ, որոնք շրջանառվում են մթնոլորտի ստորին և միջին շերտերում։ Նման ճառագայթման բնական ֆոնը 7,83 հերց է։ Սա ուղեղի հաճախությունների մոտավոր մակարդակն է հանգստի ժամանակ, ներառյալ քնի ժամանակ: Հետևաբար, որոշ գիտնականներ պնդում են, որ Երկրի էլեկտրամագնիսական վիբրացիաների տատանումները կարող են ազդել քնի և ուղեղի աշխատանքի վրա, աղմուկ առաջացնել ականջներում և ընդհանուր հոգնածություն: Սակայն, գիտնականների մեծ մասը նշում է, որ այս պնդումները բավարար հետազոտություններով չեն հիմնավորվում։
Երկրի մթնոլորտում էլեկտրամագնիսական «հանգստությունը» և «փոթորիկը» որոշելու համար օգտագործվում է այսպես կոչված K-ինդեքսը՝ 0-ից 9 սանդղակով: 5-րդ և բարձր մակարդակը համարվում է փոթորիկ, քանի որ նման ուժի գեոմագնիսական ցնցումները կարող են ազդել արբանյակների, էլեկտրական ցանցերի և ռադիոկապի աշխատանքի վրա: Փետրվար ամսվա ընթացքում K-ինդեքսն արդեն չորս անգամ բարձրացել է 5-ից բարձր, բայց փետրվարի 19–ին այն իջել է մինչև 3,7. սա սովորականից բարձր է, բայց դեռ փոթորիկ չէ: