ԵՄ-ն մտադիր չէ դուրս գալ ԱՄՆ-ի հետ 15 % մաքսատուրքերի համաձայնագրից․ հայտարարություն

Բրյուսելը Վաշինգտոնից պարզաբանումներ է ակնկալում հետագա քայլերի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Եվրամիությունը մտադիր չէ վերանայել ԱՄՆ-ի հետ միության երկրների համար 15 տոկոս մաքսատուրքերի մասին համաձայնագիրը, չնայած ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմանը, որն անօրինական է ճանաչել ամերիկյան վարչակազմի մաքսատուրքերի մի մասը: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։
Բրյուսելում ընդգծել են, որ ձեռք բերված պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ։ Խոսքը 2025 թվականի հուլիսի համատեղ հայտարարության մասին է, որի համաձայն ԵՄ-ն համաձայնել է ԱՄՆ արտահանման համար 15 տոկոսի չափով մաքսատուրք կիրառել։
«Համաձայնագիրը համաձայնագիր է։ Որպես ԱՄՆ խոշորագույն առևտրային գործընկեր՝ Եվրամիությունն ԱՄՆ-ից ակնկալում է համատեղ հայտարարության մեջ ամրագրված իր պարտավորությունների կատարում, և ԵՄ-ն կկատարի իր պարտավորությունները», - նշվում է փաստաթղթում:
Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովում նշել են, որ դատարանի որոշումից հետո առաջացած անորոշությունը բարդացնում է «ազնիվ, հավասարակշռված և փոխշահավետ տրանսատլանտյան հարաբերությունների զարգացումը»: Բրյուսելը Վաշինգտոնից պարզաբանումներ է ակնկալում հետագա քայլերի վերաբերյալ։
Առանձին դժգոհություն են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից՝ ներմուծման համաշխարհային տուրքերը 10 տոկոսից մինչև 15 տոկոս բարձրացնելու վերաբերյալ, որոնք հաշվի են առնվում առանձին երկրների և տարածաշրջանների համար մաքսատուրքերը հաշվարկելիս:
«ԵՄ արտադրանքը պետք է շարունակի օգտվել ամենամրցակցային պայմաններից՝ առանց հստակ սահմանված շեմից բարձր մաքսատուրքերի ավելացման», - ընդգծել է Եվրահանձնաժողովը՝ հավելելով, որ մաքսատուրքերի անկանխատեսելի կիրառումը խաթարում է վստահությունը և շուկայի կայունությունը։
Փետրվարի 20-ին ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որ միջազգային արտակարգ իրավիճակների պայմաններում տնտեսական լիազորությունների մասին օրենքի հիման վրա ներմուծման տուրքերի սահմանումը դուրս է վարչակազմի լիազորությունների շրջանակից: Միևնույն ժամանակ դատարանը չի հստակեցրել, թե արդյոք արդեն վճարված միջոցները ենթակա են վերադարձի: Հաջորդ օրը Թրամփը հայտարարել է ԱՄՆ ներմուծման համաշխարհային տուրքերի բարձրացման մասին՝ 10 տոկոսից մինչև 15 տոկոս: