Մոսկվայում ձյան տեղումների ռեկորդ է գրանցվել

1966 թվականի փետրվարի 21-ին ձյան ծածկույթի բարձրությունը հասել էր 64 սանտիմետրի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Մոսկվայի ВДНХ օդերևութաբանական կայանում այսօր ձնակույտերի բարձրությունը գրեթե երկու անգամ ավել է եղել կլիմայական նորմայից՝ գերազանցելով 1966 թվականի ռեկորդը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։
«Վերջին մեկ օրվա ընթացքում տեղացած ձյան հետևանքով ձնակույտերի բարձրությունը շարունակում է աճել։ Մոսկվայի ВДНХ հենակետային օդերևութաբանական կայանում ձյան ծածկույթը 1,8 անգամ գերազանցում է կլիմայական նորման և այս պահին կազմում է 70 սանտիմետր (փետրվարի 21-ի նորման 38 սանտիմետր է)»,-ասել է Տիշկովեցը։
Օդերևութաբանը նշել է, որ այսպիսով գերազանցվել է 1966 թվականի ռեկորդը, երբ փետրվարի 21–ի ձյան ծածկույթի բարձրությունը կազմել էր 64 սանտիմետր։
Մոսկվայում տեղացած ձյունը
«Մոսկվայի կենտրոնում՝ Բալչուգում, ձյան ծածկույթի բարձրությունն այս պահին 78 սանտիմետր է, Տուշինոյում՝ 73 սանտիմետր։ Մոսկվայի մարզում ամենաբարձր ձնակույտերը Կոլոմնայում են՝ 81 սանտիմետր, Կաշիրայում՝ 83 սանտիմետր, Չերուստիում՝ 84 սանտիմետր»,-հավելել է նա։
Մոսկվայում տեղացած ձյունը
«Վալլի» ցիկլոնը հզոր բուք է բերել Մոսկվա։ Փետրվարի 19-ին ձյունը տեղացել է ամբողջ օրը և դադարել է միայն 20-ի առավոտյան։ Եղանակային պայմանների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է շուրջ 140 չվերթ։