ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Ապրե՛ք պարզ, սիրե՛ք շռայլ, հո՛գ տարեք ի սրտե, խոսե՛ք սրտանց, անընդհատ սովորե՛ք, ճանաչե՛ք ինքներդ ձեզ, հավատացե՛ք առանց կասկածի, մի՛ վախեցեք մահից, ներե՛ք և մի՛ դատեք, ու անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով։ Բաքվի դատարանի կայացրած դատավճռից հետո ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը փոխանցել է կյանքի մասին իր բանաձևը, որը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում։
Նա նշել է, որ կյանքի այս բանաձևն իրեն օգնում է պահպանել ներքին ազատությունն ավելի քան 21 000 ժամ բանտարկությունից հետո։ Այս բանաձևը, ըստ Վարդանյանի, ձևավորվել է, երբ կարդացել է 14-րդ դարի վերջի և 15-րդ դարի սկզբի փիլիսոփա–բանաստեղծ Իմադ ադ–Դին Նասիմիի փիլիսոփայությունը։
«Ապրե՛ք պարզ, ուրախ և 100% ներկա ակնթարթով։ Սիրե՛ք շռայլ, տվե՛ք ամեն ինչ՝ փոխարենը ոչինչ չխնդրելով։ Հո՛գ տարեք ի սրտե, բայց զգույշ, որպեսզի չվնասեք, քանի որ բռնության միջոցով բարությունն այլևս բարություն չէ։ Խոսե՛ք սրտանց, անկեղծ և կարճ։ Հավատացե՛ք առանց կասկածի կամ վարանման, առանց մոլեռանդության։ Սովորե՛ք՝ ճանաչելով ինքներդ ձեզ և աշխարհը՝ անընդհատ, ջանադրաբար և սիրով։ Ներե՛ք, մի՛ դատեք։ Մի՛ վախեցեք մահից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն։ Եվ անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն։ Մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն»,– ասել է նա։
Վարդանյանի խոսքով` եթե այսպես վարվենք և այս պարզ քայլերն անենք` մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն, ամեն ինչ լավ կլինի։
Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցել են իրեն այս ընթացքում։
«Ուզում եմ խորին երախտագիտություն հայտնել ձեր աջակցության, բարության, մտքերի, հույզերի և զգացմունքների համար։ Ես ամեն ինչ զգում եմ և շատ շնորհակալ եմ, որ աջակցում եք ինձ ու իմ ընտանիքին։ Այսքանը, բոլորիդ գրկում եմ, շատ եմ սիրում ձեզ, և ուրախ եմ, որ կարող եմ ձեզ հետ կիսվել իմ մտքերով ու զգացմունքներով»,– ասել է Արցախի նախկին պետնախարարը։
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին, նույնպես ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: