ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի և նրա որդի Մոջթաբայի վերացման տարբերակը՝ որպես Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի լուծման հնարավոր միջոցներից մեկը։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անանուն խորհրդականին։
«Սցենարներից մեկը նախատեսում է այաթոլլայի, նրա որդու, ինչպես նաև մոլլաների վերացումը: Ոչ ոք, ներառյալ Թրամփը, չգիտի, թե ի վերջո որ սցենարը կընտրվի»,- մեջբերում է պորտալը խորհրդականի խոսքերը։
Մեկ այլ աղբյուր պորտալին հայտնել է, որ Խամենեիի և նրա որդու վերացման տարբերակը Թրամփին ներկայացվել է մի քանի շաբաթ առաջ։
Թեհրանի միջուկային դոսիեի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը կայացել է փետրվարի 17-ին Ժնևում։ Դրանից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է առաջընթացի մասին և նշել, որ Թեհրանն ու Վաշինգտոնն աշխատելու են տեքստերի վրա, որոնք կարող են հիմք դառնալ հնարավոր համաձայնության համար։
Փետրվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Վաշինգտոնում ելույթ ունենալով «Խաղաղության խորհրդի» նիստում, հայտարարել է, որ Իրանի հետ գործարքի հարցում հստակություն կարող է լինել առաջիկա 10 օրվա ընթացքում։ Միևնույն ժամանակ նա զգուշացրել է, որ Իրանի հետ կապված իրավիճակում կարող են «շատ վատ բաներ» տեղի ունենալ, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին։