Լեհաստանի ոստիկանությունը ուկրաինացի հեռախոսային խարդախների հանցախումբ է բացահայտել

Ոստիկանության տվյալներով՝ տուժել է ավելի քան 20 մարդ։ Ընդհանուր վնասը գնահատվում է գրեթե 270 հազար դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Լեհաստանի ոստիկանությունը կասեցրել է Ուկրաինայից հեռախոսային խարդախների խմբի գործունեությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Onet պորտալին։
Լյուբլինի վոյեվոդության ոստիկանության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները ձերբակալել են Ուկրաինայի՝ 21-ից 45 տարեկան հինգ քաղաքացիների։ Նրանք կասկածվում են Լեհաստանի տարածքում կատարված մի շարք խարդախությունների մեջ։
Քննության տվյալներով՝ չարագործները գործել են ոստիկանության աշխատակից, դատախազ և բանկի աշխատակից ներկայանալու սխեմաներով։ Նրանք զանգահարել են հնարավոր զոհերին, ներկայացել որպես ֆինանսական հաստատությունների կամ իրավապահ մարմինների աշխատակիցներ և համոզել, որ նրանց միջոցները վտանգված են։
«Խարդախները զանգահարել են զոհերի համարներին, ներկայացել են որպես բանկի աշխատակիցներ, ոստիկաններ կամ դատախազներ՝ հաշվից դրամական միջոցների ենթադրյալ դուրսգրման վտանգից պաշտպանելու պատրվակով»,-հայտնում է Onet-ը։
Տուժածներին դրդել են միջոցները փոխանցել իրենց կողմից վերահսկվող հաշվեհամարներին կամ հակավիրուսային ծրագրի անվան տակ հեռահար հասանելիության հավելվածներ տեղադրել ։
Ոստիկանության տեղեկություններով՝ տուժել է ավելի քան 20 մարդ։ Ընդհանուր վնասը գնահատվում է գրեթե մեկ միլիոն զլոտի, ինչը կազմում է շուրջ 270 հազար դոլար։ Բոլոր ձերբակալվածներին առաջադրվել են խարդախության և փողերի լվացման մեղադրանքներ։ Դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել եռամսյա կալանքը։