Իրանին հարվածելու որոշումը կախված է նոր հանդիպման արդյունքից. ԶԼՄ

ԱՄՆ նախագահը երեկ հայտարարեց, որ Իրանի հետ գործարքի հարցում հստակություն կարող է լինել առաջիկա 10 օրվա ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Իրանին ԱՄՆ-ի հնարավոր ռազմական հարվածի հետհաշվարկը կարող է սկսվել պատվիրակությունների հերթական հանդիպումից հետո։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով թուրքական ԶԼՄ–ներին։
Ինչպես երեկ հայտնել էր «Wall Street Journal»-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի ռազմական և կառավարական օբյեկտներին սահմանափակ նախնական հարված հասցնելու հարցը, որպեսզի ստիպի Իրանին միջուկային գործարք կնքել, և եթե Իրանի իշխանությունները դրանից հետո չհամաձայնեն ուրանի հարստացումը դադարեցնելու պահանջներին, ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական արշավով կպատասխանի։
«Առանցքային կլինի առաջիկա հանդիպումը, երբ Վաշինգտոնն ու Թեհրանը կներկայացնեն իրենց առաջարկները։ Հենց այդ հանդիպման արդյունքները կարող են ազդել իրավիճակի հետագա զարգացման վրա», – գրում է թուրքական թերթը։
Միևնույն ժամանակ, ինչպես նշում է թերթը, ԱՄՆ-ն պետք է ավարտի տարածաշրջանում ռազմական ներկայության ընդլայնումը։ Դրանից հետո իրադարձությունների որոշակի զարգացման պարագայում կարող է հետհաշվարկ սկսվել։
Հիշեցնենք` իրանական միջուկային խնդրի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը (Օմանի միջնորդությամբ) տեղի է ունեցել փետրվարի 17-ին Ժնևում: Բանակցություններից հետո Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կաշխատեն այն տեքստերի վրա, որոնք կարող են դրվել հնարավոր պայմանավորվածության հիմքում:
Թրամփը հոգնել է Իրանից, ռազմական գործողության հավանականությունը 90% է. ԶԼՄ
Փետրվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Խաղաղության խորհրդի նիստում, հայտարարեց, որ Իրանի հետ գործարքի հարցում հստակություն կարող է լինել առաջիկա 10 օրվա ընթացքում: Միևնույն ժամանակ նա զգուշացրեց` կարող են շատ վատ բաներ լինել, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին։