Երևանի ո՞ր փողոցներում են միջին նորոգման աշխատանքներ արվելու․ պարզաբանում է Փամբուխչյանը

Բյուջեով դեռ նախատեսված չէ, բայց քննարկումներ արդեն արվել են Արին Բերդի փողոցում հիմնանորոգման աշխատանքներ կատարելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Այս տարի միջին նորոգման աշխատանքներ են իրականացվելու Երևանի 7 փողոցներում։ Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
«Բյուջեով 1,7 մլրդ դրամ հատկացված է միջին նորոգման համար, մոտ 1,1 միլիարդ էլ` փոսալցումների համար։ Միջին նորոգում այս տարի արվելու է Տիգրան Մեծի պողոտայում, Գարեգին Նժդեհի, Ագաթանգեղոսի, Դեմիրճյան, Վիկտոր Համբարձումյան, Արամ Խաչատրյան փողոցներում, Եղվարդի խճուղիում։ Հիմնանորոգում էլ նախատեսվում է անել Ավետիսյան, Նուբարաշենի 9-րդ փողոցներում։ Արդեն քննարկումներ են եղել, բայց բյուջեով դեռ հաստատված չէ` Արին Բերդի փողոցն է հիմնանորոգվելու»,- ասաց Փամբուխչյանը։
2025 թվականին միջին նորոգման աշխատանքներ են իրականացվել Հրաչյա Քոչարի, Վաղարշյան, Էրեբունի, Անդրանիկի փողոցներում, Մյասնիկյան և Գայի պողոտաների կամուրջների հատվածում, Դավթաշենի կամրջի մոտ։ Այս աշխատանքների համար էլ ծախսվել է շուրջ 1,7 մլրդ դրամ։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը վստահեցնում է, որ թարմ փոսալցված փողոցներում փոսեր չկան