ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Բայկալ լճում սառույցի տակ է հայտնվել «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա, որում չինացի զբոսաշրջիկներ են եղել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։
«Փետրվարի 20-ի ցերեկը Բայկալ լճում՝ Խոբոյ հրվանդանի շրջանում, սառույցի տակ է ընկել 9 մարդ տեղափոխող ավտոմեքենան», - նշում է գերատեսչությունը:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով կան զոհեր: Քրեական գործ է հարուցվել անփութության և անվտանգության պահանջները չբավարարող ծառայություններ մատուցելու հոդվածներով։
Քննիչները հարցաքննում են ականատեսներին և կանխարգելման համակարգի մարմինների ներկայացուցիչներին, որոնք լճում զբաղվում են անվտանգության ապահովմամբ: Դատախազությունն իր հերթին ստուգում է ուղևորափոխադրումների անվտանգությունը։
Իրկուտսկի մարզպետ Իգոր Կոբզևի խոսքով` Իրկուտսկում Չինաստանի գլխավոր հյուպատոսությունը տեղեկացվել է ողբերգության մասին։
Տեղում աշխատում են քննիչները, ոստիկաններն ու ԱԻՆ աշխատակիցները։ Դեպքի հանգամանքները պարզվում են։