Թափանցիկ աշխատող տաքսիստները պիտի կարողանան վարկավորվել․ Պապոյանը քննարկում է նախաձեռնել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը. Արխիվային լուսանկար
Երեկ վարորդները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դժգոհելով իրենց աշխատանքային պայմաններից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը քննարկում է նախաձեռնել Կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և «Յանդեքս» ընկերության հետ՝ հարկեր վճարող ու թափանցիկ աշխատող տաքսիստների վարկավորման մասով։ Այդ մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում։ Նշում է՝ տաքսիների այլ պլատֆորմները ևս կարող են միանալ քննարկմանը։
«Եթե կան տաքսու վարորդներ, ովքեր չունեն դասակարգված վարկեր, վճարում են հարկեր իրենց գործունեությունից ու չեն կարողացել վարկավորվել իրենց թափանցիկ եկամուտներին համապատասխան, խնդրում եմ դիմել ձեզ սպասարկող ընկերությանը, օրինակ «Յանդեքս»-ին, այնուհետև վերջիններս մեզ կփոխանցեն տվյալները՝ դեպք առ դեպք բանկերի հետ քննարկելու համար»,- գրել է Պապոյանը։
Հիշեցնենք, որ երեկ օնլայն տաքսի ծառայությունների վարորդները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով բարելավել իրենց աշխատանքային պայմանները։ Մասնավորաբար, նրանք բողոքում էին յուրաքանչյուր պատվերից իրենցից գանձվող բարձր տոկոսադրույքներից։ Բացի այդ, պահանջում էին գրանցել իրենց որպես աշխատող, քանի որ այսկերպ իրենք ո՛չ առողջության համընդհանուր ապահովագրությունից են կարողանում օգտվել, ո՛չ էլ բանկերն են իրենց վարկեր տրամադրում։ Վարորդները նաև ստորագրահավաք էին կազմակերպել, որին շուրջ 500 տաքսու վարորդ էր միացել։