Ռուսաստանից Հայաստան երեք չվերթ կիրականացվի ուշացումով, մեկը չեղարկվել է

Չվացուցակի փոփոխությունների պատճառները չեն հստակեցվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ Ռուսաստանից Հայաստան մեկ ավիաչվերթ չեղարկվել է, ևս երեքը կիրականացվեն ուշացումով։ Այդ մասին վկայում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվատախտակի տվյալները։
Օդանավակայանի տեղեկատվության համաձայն՝ չի կայանա «Shirak Avia» ավիաընկերության Մոսկվա- Երևան երթուղով չվերթը։ Բացի այդ, ուշացումով կիրականացվեն Մոսկվայից Երևան երկու չվերթ, ինչպես նաև մեկ չվերթ Կրասնոդարից։ Չվացուցակի փոփոխությունների պատճառները չեն հստակեցվում։
Ենթադրաբար՝ դա կապված է անոմալ տեղումների հետ։ «Ռոսավիացիայի» տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով 08:00-ից մինչև 10:00-ն Մոսկվայի ավիահանգույցի օդանավակայանները սպասարկել են ևս 100 չվերթ (54-ը՝ մեկնում, 46-ը՝ ժամանում)՝ չնայած տարածաշրջանում շարունակվող անոմալ տեղումներին և քամու պոռթկումներին։ Օրվա սկզբից դրանք սպասարկել են 320 չվերթ (160-ը՝ մեկնում, 160-ը՝ ժամանում), վեց չվերթ ուղղորդվել է դեպի պահեստային օդանավակայաններ։