ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Հայաստանի չեմպիոն «Նոան» ֆիզիկապես և հոգեպես պատրաստ է Նիդեռլանդների «Ալկմաարի» դեմ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի խաղին, ինչը ցույց կտա խաղադաշտում փետրվարի 19-ին։ Այս մասին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը։
«Նոայի» և «ԱԶ Ալկմաարի» միջև փլեյ-օֆֆի հանդիպումը տեղի կունենա փետրվարի 19-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում և կսկսվի Երևանի ժամանակով 21:45-ին:
«Սովորաբար չեմ սիրում խոստումներ տալ, բայց կարող եմ խոստանալ, որ վաղը երկրպագուները հպարտ կգնան տուն։ Եթե հաղթահարենք եվրոգավաթի այս փուլը, կվազենք ամբողջ Երևանով», - ասել է խորվաթ մասնագետը:
Նրա խոսքով՝ «Ալկմաարը» ուժեղ թիմ է, սակայն «Նոայի» մարզչական շտաբը որոշակի թերություններ է նկատել նրաց խաղում։
«Վաղը մենք կանենք ամեն ինչ, որպեսզի օգտագործենք այդ թերությունները», - ասել է Պերկովիչը։
Նշենք, որ «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում վաստակել էր 8 միավոր և զբաղեցրել 19-րդ հորիզոնականը, ինչը Հայաստանի չեմպիոնին թույլ տվեց ընդգրկվել 24 լավագույն թիմերի շարքում և դուրս գալ հեղինակավոր եվրոգավաթային մրցաշարի փլեյ-օֆֆ։