ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Հունգարիան և Սլովակիան դադարեցրել են դիզվառելիքի մատակարարումն Ուկրաինա։ Տեղեկությունը հայտնում են ԶԼՄ-ները:
«Դիզելային վառելիքի մատակարարումն Ուկրաինա դադարեցվել է և չի վերսկսվի այնքան ժամանակ, քանի դեռ ուկրաինացիները չեն վերականգնել նավթի մատակարարումը Հունգարիա «Դրուժբա» խողովակաշարով», - ասել է Հունգարիայի ԱԳ նախարար Սիյարտոն, որի հայտարարությունը տարածել է «M1» հեռուստաալիքը:
Ընդ որում TASR գործակալությունը, հղում անելով Սլովակիայի վարչապետի հայտարարությանը, գրում է, որ այդ երկիրը ևս դադարեցրել է դիզվառելիքի մատակարարումը Ուկրաինա:
«Եթե Զելենսկուն թվում է, որ դա ոչ մի արժեք չունի ու իրեն պետք չէ՝ ապա մենք կարող ենք որոշում կայացնել և հրաժարվել էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում համագործակցությունից», - հայտարարել Է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
«Բրոդի» գծային արտադրա-դիսպետչերական կայանում ստեղծված իրավիճակի պատճառով Հունգարիան և Սլովակիան դադարել են նավթամթերք ստանալ «Դրուժբա» խողովակաշարով։ Հունգարիա և Սլովակիա նավթը տարանցվում է բելառուսական Մոզիրից ուկրաինական Բրոդի ձգվող խողովակաշարով։
Նավթի առաքումը դադարեցվել է Ուկրաինայի պահանջով՝ խողովակաշարի վրա տեղի ունեցած միջադեպից հետո։ Ուկրաինայում նավթի տարանցմամբ զբաղվող «Ուկրտրանսնաֆտ» ընկերության ղեկավարությունը հրաժարվել է թույլատրել իր երկրի տարածքով նավթի տարանցումը Հունգարիա և Սլովակիա. գործընթացը վերսկսելու տեխնիկական հնարավորություն առկա է, սակայն չկա ընկերության ղեկավարության համապատասխան որոշումը: