ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Հունգարիայի էներգամատակարարումը Ուկրաինայի շանտաժի պատճառով վտանգի տակ չի հայտնվել, նավթի պաշարները կբավականացնեն երեք ամսից ավելի։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
«Կառավարության ձեռնարկված միջոցառումների արդյունքում Հունգարիա վառելիքի և էներգիակիրների մատակարարումները կայուն են մնում: Ո՛չ վառելիքի, ո՛չ էներգիայի մատակարարումները վտանգի տակ չեն հայտնվել՝ չնայած Ուկրաինայի կողմից քաղաքական շանտաժին: Մենք բավարար պաշարներ ունենք, այն կբավարարի ավելի քան երեք ամիս, դրանց մի մասի օգտագործման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացն արդեն սկսվել է», – ասել է Սիյարտոն Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Այսօր ավելի վաղ Սիյարտոն հայտարարել էր, որ Հունգարիան դադարեցրել է դիզելի մատակարարումը Ուկրաինային։ Նրա խոսքով՝ դա արվել է ի պատասխան Կիևի շանտաժի, որը քաղաքական պատճառներով չի վերսկսում ռուսական նավթի տարանցումը Հունգարիա «Դրուժբա» խողովակաշարով՝ փորձելով էներգետիկ ճգնաժամ առաջացնել երկրում և ազդել ապրիլյան ընտրությունների վրա։