ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik․ Հայ–ամերիկյան հարաբերությունների զարգացման տեսանկյունից խիստ վտանգավոր են ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հայտարարությունները, որոնցով նա կոպտորեն միջամտեց ՀՀ ներքաղաքական կյանքին։ Այսօր Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս տեսակետը հայտնեց քաղաքական մեկնաբան Սուրեն Սուրենյանցը։ Ըստ նրա՝ ԱՄՆ փոխնախագահի անդրադարձը, թե Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, և խաղաղության գործընթացը պետք է կյանքի կոչվի այդ համատեքստում, ուղիղ աջակցություն էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Ի դեպ, մեր օրենսդրությամբ արգելված է օտարերկրացիների աջակցությունը ընտրական գործընթացներում։ Խիստ վտանգավոր է, որ մեր հասարակության աչքերում տուժեց Միացյալ Նահանգների բարոյական հեղինակությունը։ Միշտ ԱՄՆ-ն ինքն էր, օրինակ, ՌԴ-ին մեղադրում, որ հատկապես հետխորհրդային երկրների կյանքին միջամտում է, սակայն այս պարագայում մենք տեսանք, որ իրենք չխորշեցին միջամտել ՀՀ ներքաղաքական կյանքին»,– ասաց նա։
Վերլուծաբանի գնահատմամբ՝ ԱՄՆ փոխնախագահն իր երկիրը նույնականացրեց Նիկոլ Փաշինյանի հետ։ Սուրենյանցի խոսքով՝ Վենսի այցից հետո հաջորդ մանիպուլյացիան ներդրումների թեման էր՝ կապված մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիաների հետ։ Ըստ Սուրենյանցի՝ ԱՄՆ-ը խոստանում է տալ մի բան, որը դեռևս չունի։
«Ի դեպ, մոդուլային ատոմակայանի ռեակտորներից երկու հատ կա Չինաստանում, մեկ հատ՝ Ռուսաստանում, որոնք ոչ միայն փորձարկված են, այլև աշխատում են։ ԱՄՆ-ում լավագույն դեպքում դա գործարկվելու է 2031-2032 թվականներին։ Ընդ որում՝ ըստ արևմտյան մամուլի` դրանք շատ ավելի թանկ էլեկտրաէներգիա են արտադրում, քան ավանդական ատոմակայանները»,– նշեց Սուրենյանցը։
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը համաձայնագիր ստորագրեցին, որի շրջանակում ԱՄՆ-ն Հայաստանին փոքր մոդուլային ռեակտորներ կմատակարարի: Խոսքը 9 մլրդ դոլարի մասին է. սկզբում 5 մլրդ դոլարի սարքավորումներ, իսկ մնացած 4 մլրդ դոլարը կգնա վառելիքի մատակարարման և ռեակտորի սպասարկման պայմանագրերի (երկարաժամկետ հեռանկարում) վրա:
Ի դեպ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Երևանի և Վաշինգտոնի ատոմային նախագծերի մասին, նշել էր, որ միջուկային ոլորտում Ռուսաստանի փորձառությունն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ինը, իսկ ծառայությունների արժեքը՝ ավելի ցածր։