Փաշինյանը շնորհավորել է Չինաստանին Գարնան տոնի առիթով

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ չինական Նոր տարվա առիթով:
Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։
«Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների շարունակական սերտացմանն ու խորացմանը, որոնց ռազմավարական մակարդակի բարձրացումը նոր հնարավորություններ է ստեղծում երկու երկրների համար: Հավատացած եմ, որ մեր պետությունների միջև հարաբերությունների վերընթաց զարգացման ուղղությամբ գործադրված ջանքերը ռազմավարական գործընկերության շրջանակը կհարստացնեն հավակնոտ նպատակներով և նոր ծրագրերով»,- մասնավորապես նշված է Սի Ծինփինին ուղղված ուղերձում։
Լի Ցյանին ուղղված ուղերձում էլ վարչապետը վստահություն է հայտնում, որ ապագայում ևս հայ-չինական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել՝ արձանագրելով նորանոր ձեռքբերումներ։