ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Իրանն ու ԱՄՆ-ն Ժնևում ընթացող բանակցությունների ժամանակ քննարկում են պատժամիջոցների չեղարկման և միջուկային դոսիեի մանրամասները։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Բանակցությունները չափազանց լուրջ են, և մենք սկսել ենք քննարկել երկու հարցերի մանրամասները՝ պատժամիջոցների չեղարկում և միջուկային թեմա»,-հայտարարել է Բաղային։
Իրանն ու ԱՄՆ-ն Ժնևում բանակցություններ են անցկացնում Օմանի միջնորդությամբ։ Կողմերը փորձում են համաձայնության գալ իրանական ատոմի շուրջ․ Թեհրանը պահանջում է չեղարկել պատժամիջոցները՝ իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը երաշխավորելու պատրաստակամության դիմաց, իսկ ԱՄՆ-ն ուզում է կանխել Իրանում միջուկային զենքի հայտնվելը։ Թեհրանը բազմիցս հերքել է նման ծրագրերի առկայությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ ՌԾՈւ երկրորդ ավիակիր խումբը շուտով կմեկնի Մերձավոր Արևելք, եթե չհաջողվի Թեհրանի հետ գործարք կնքել։
Բանակցությունների նախորդ փուլը կայացել էր փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում։