Երևանում նշվել է Գևորգ Վարդանյանի 102-ամյակը

Հետախույզը բազմիցս հայտարարել է, որ երջանիկ է՝ նվիրվելով իր մասնագիտությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Երևանում հիշատակի միջոցառումներ են անցկացվել Խորհրդային Միության հերոս, լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի ծննդյան 102-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ինչպես հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, ՌԴ դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Վարդանյանի անունը կրող՝ Երևանի թիվ 192 դպրոցի բակում տեղադրված նրա կիսանդրու առջև: Արարողությանը մասնակցել են խորհրդարանականներ, ինչպես նաև հերոսի հարազատներ ու մտերիմներ:
Երևանում նշվել է Գևորգ Վարդանյանի 102-ամյակը
Վարդանյանն իր կյանքը խորհրդային հետախուզության հետ կապել է 16 տարեկանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա ղեկավարել է Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում ֆաշիստական գործակալությանն ու հետախույզներին բացահայտելու հատուկ խումբը։
1943-ին Թեհրանի կոնֆերանսի ժամանակ իր կնոջ՝ Գոհար Լևոնի Վարդանյանի հետ մասնակցել է «Մեծ եռյակի» պետությունների առաջնորդներ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Ռուզվելտի և Ուինստոն Չերչիլի անվտանգության ապահովման գործողությանը:
Դեսպանատունը հիշեցնում է՝ վաստակավոր հետախույզին շնորհվել է ԽՍՀՄ հերոսի կոչում, շքանշաններ և մեդալներ, ինչպես նաև գերատեսչական բարձրագույն պարգևներ:
Վարդանյանն իր գործունեության մասին խոսելիս մի անգամ ասել է, որ երջանիկ է, որ ամբողջ կյանքը նվիրել է մասնագիտությանը։
Երևանում նշվել է Գևորգ Վարդանյանի 102-ամյակը
«Եվ, գիտեք, մեզ ուժ էին տալիս սերը հայրենիքի հանդեպ, զգացումը՝ որ մեր թիկունքում հզոր, հսկայական երկիր է, որը մեզ երբեք չի լքել և չի լքի։ Շատ դժվարություններ կային, բայց հաջողեցինք, հաղթահարեցինք», - նշում էր նա։
Փաստագրական-գեղարվեստական «Իրական պատմություն. Թեհրան-43» ֆիլմը պատմում է 1943թ. թեհրանյան իրադարձությունների մասին։ Այն նկարահանվել է Գևորգ և Գոհար Վարդանյանների մասնակցությամբ: