ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Գինու համաշխարհային շուկան խորը ճգնաժամ է ապրում. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գինու ազգային կենտրոնի և «Մարան» ընկերության նախագահ Ավագ Հարությունյանը` երևույթը մեկնաբանելով ոչ միայն տնտեսական, այլև հոգեբանական տեսանկյունից։
«Վերջին մի քանի տարիների գլոբալ պրոցեսների հետևանքով փոխվեց աշխարհը, փոխվեց մարդու հոգեբանությունը, փոխվեց աշխարհընկալումը։ Այսօր չկա այն հին աշխարհը`իր հաճույքներով, իր անհոգությամբ։ Իսկ ալկոհոլը հաճույքի, անհոգության ատրիբուտներից մեկն է։ Սա համընդհանուր երևույթ է, բայց որոշ երկրներում այն ավելի ցայտուն է երևում»,- նշեց մասնագետը`ասածը հիմնավորելով թվերով։
Ինչպես է համաշխարհային տրամադրության անկումը ազդել գինու սպառման ծավալների վրա
Հայաստանում գինեգործության ճգնաժամի սկիզբը, ըստ Հարությունյանի, 2020 թ.–ի պատերազմն էր` տրամադրության համատարած անկմամբ և որպես հետևանք` նաև գինու սպառման ծավալների նվազմամբ։ Դրանից 2 տարի անց մենք կորցրեցինք ուկրաինական շուկան, ապա ռուսականն ու բելառուսականը։ Առայժմ, մեր զրուցակցի գնահատմամբ, համեմատաբար կայուն է միջինասիական շուկան։ Բայց այստեղ ՀՀ–ից արտահանումը շատ չնչին է։
Համաշխարհային շուկայում ևս գինու ճգնաժամը այս կամ այն չափով շոշափել է գրեթե բոլոր երկրները, բացառությամբ Միացյալ Նահանգների, որտեղ սպառման և արտադության անկում չի գրանցվել և Չինաստանի, որտեղ անկում կա, բայց ոչ ճգնաժամային ծավալների։
© Sputnik / Mikhail Chernyakhovsky
Նշենք, որ ՀՀ խախողագործների և գինեգործների հիմնադրամի հրապարակած տվյալներով` 2025-ին Հայաստանից գինու արտահանումը 2024-ի համեմատ ավելացել է 13 տոկոսով։
Ընդ որում, հայկական գինու արտահանման ծավալները դեպի Եվրոպա աճել են, գները` բարձրացել մոտ 13 տոկոսով։
Ընդ որում, հայկական գինու արտահանման ծավալները դեպի Եվրոպա աճել են, գները` բարձրացել մոտ 13 տոկոսով։
Այդուհանդերձ, գինում արտահանման հիմնական ուղղությունը ՀՀ–ի համար շարունակում է մնալ Ռուսաստանը։ Անցած տարի արտահանված 4 043 100 լիտր գինուց 3 242 500 լիտրը գնացել է ՌԴ, 199 900–ը` ԱՄՆ, 39 200-ը` Չինաստան, մնացած 561 500–ը` ԵՄ և այլ երկրներ։
Արտահանման ավելացումը ճգնաժամային պայմաններում Ավագ Հարությունյանը բացատրում է 2020-22 թթ–ին գրանցված հսկայական անկմամբ, որի համեմատ 2024-25թթ–ին մի փոքր աճ է գրանցվել, բայց նախապատերազմյան ծավալները դեռ չեն վերականգնվել։ Արտահանումից շատ ավելի ցածր են մնում արտադրության ցուցանիշները։
«2024 թ․–ին մենք 14 մլն լիտր գինի ենք արտադրել, հիմա արտադրությունը իջել է 8 միլիոն լիտրի, այսինքն՝ 2024-25–ին մենք մոտավորապես 30 %-անոց անկում ենք ունեցել։ Իսկ դա նշանակում է, որ արտադրությունը գնալով քչանում է»,– արձանագրում է Հարությունյանը։
Սահմանների բացումից հայաստանյան գինեգործությանը ոչ մի լավ բան չի սպասվում
Անդրադառնալով տարածաշրջանային երթուղիների ապաշրջափակմանը և այս համատեքստում հայկական գինին Ադրբեջան արտահանելու հնարավորությանը`Ավագ Հարությունյանը նկատում է, որ Ադրբեջանն այսօր այլև չունի խաղողի և գինու արտադրւթյան երբեմնի ծավալները և գինի է ներկրում Չիլիից, Արգենտինայից, Բուլղարիայից, Եվրոպայից, նաև`բավական մեծ քանակությամբ չամիչ է ներկրում Իրանից։
«Այսինքն` Ադրբեջանի համար զուտ տնտեսական առումով էական տարբերություն չկա՝ Հայաստանից կվերցնի, թե, ասենք` Չիլիից կամ մեկ այլ երկրից։ Դա խառնվելու է իրենց ներկրումների մեծ հոսքին և դառնալու է մի փոքր կաթիլ ընդամենը։ Ոչ մի տեղ նույնիսկ «հայկական» բառը չի նշվելու։ Ամբողջ խնդիրն այն է, որ մենք այդքան գինին չունենք։ Մենք հավաքում ենք ընդամենը 200 000 տոննա խաղող, որից գինու խաղողը մի 5 000 տոննա է ու վերջ։ Ամբողջը կոնյակի համար է»,– նշում է մասնագետը։
Նրա դիտարկմամբ` Ադրբեջանը, եթե մի կողմ դնի քաղաքական ամբիցիաներն ու խնդրին նայի զուտ տնտեսական դիտակետից, թերևս դեմ չի լինի Հայաստանից նաև կոնյակի սպիրտ ներկրել։ Բայց Հայաստանն այդ շռայլությունն էլ չի կարող իրեն թույլ տալ։
«Եթե մենք գնանք կոնյակի սպիրտի վաճառքի ճանապարհով, մենք կտանք մի բան, ինչից իրենք կգեներացնեն շատ մեծ արժեք։ Մենք ջրի գնով կտանք իրենց, իրենք մեր սպիրտից կարտադրեն իրենց կոնյակը։ Այստեղ պետք է մտածել. արժե՞ արդյոք տալ, թե չէ»,– ասում է նա։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացմանը, ապա Հարությունյանի կարծիքով, առնվազն գինեգործության ոլորտի համար դա ևս որևէ դրական տեղաշարժ չի ապահովելու։ Բանն այն է, որ Թուրքիան իր տարածքով ալկոհոլի տարանցման այնպիսի տուրքեր է սահմանել, որ արտահանողների համար սահմանի բացվել–չբացվելը միևնույն է որևէ նշանակություն չի ունենալու։ Ավելին, նույնիսկ մտավախություն կա, որ թուրքական խաղողի էսպանսիա կարող է տեղի ունենալ` ի վնասն հայկական խաղողագործության։
Բանն այն է, որ, Ավագ Հարությունյանի տվյալներով, թուրքական խաղողի ինքնարժեքը 10- 20 ցենտ է, հայկականինը` 50 ցենտ։ Ու թեև հայաստանյան օրենսդրությունն արգելում է ոչ հայկական խաղողից գինի արտադրել, բայց օրենքը փոխելու հավանականություն էլ միշտ կա։
«Կուզի՞ արդյոք պետությունը պաշտպանել իր շուկան թուրքական խաղողից, գինեգործական չամիչից ու թուրքական սպիրտից՝ հայտնի չէ։ Իսկ Թուրքիայում այսօր շատ ակտիվ զարգանում է գինեգործությունը։ Մյուս կողմից Էրդողանի քաղաքականության հիմքում ընկած է Թուրքիայում բուն թուրքական ալկոհոլի սպառման մինիմալիզացիան։ Այսինքն`արտադրիր շատ, բայց ամբողջ ծավալը տար դուրս, մի փորձիր իրացնել այստեղ։ Այսինքն՝ տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակման ծրագրում գինեգործությանը ամեն դեպքում ոչ մի լավ բան չի սպասվում»,– նկատում է մասնագետը։
Բնական համ ու արհեստական բանականություն. գինեգործության նոր մարտահրավերը
Հայաստանում այսօր, պաշտոնական տվյալներով, մեծ ու փոքր 178 գինի արտադրող կա։ Ընդ որում 2000-կանների սկզբից ավելացել են հատկապես փոքր արտադրողները։
Ոլորտում ունեցած տարիների փորձով Ավագ Հարությունյանը շատ ավելի հակված է վստահել հատկապես փոքր արտադրողներին, նրանց, ովքեր, իր բնորոշմամբ` փորձում են շուկա մտնել իրենց ուրույն մշակույթով, պատմությամբ, նաև` ժամանակակից տեխնոլոգիաներով։
«Գինին ավելի շատ կեղծում են մեծերը, որովհետև իրենք կարող են դրա տակից դուրս գալ, հզոր են, հարուստ են, բուֆերային հնարավորություններ ունեն, կարող են լեզու գտնել համապատասխան օրգանների հետ, պետության հետ, պետական այրերի հետ։ Փոքրերը վախենում են կորցնել իրենց դիրքը, բիզնեսը, դրա համար առավելագույնս ազնիվ են»,– նշում է Հարությունյանը։
Ինչ վերաբերում է նորագույն տեխնոլոգիաներին, այդ թվում` ՀՀ–ում վերջերս արհեստական բանականության «բաղադրատոմսով» ստեղծված առաջին գինուն, Հարությունյանը նշեց, որ գինում մասին միայն լսել է, փորձելու առիթ չի ունեցել, բայց ԱԲ–ին այնքան էլ չի վստահում։
«Արհեստական բանականությամբ գինին հոգևոր արժեք չէ, այլ շատ հստակ ֆիզիկական արժեք։ Բայց գինին հոգու խմիչք է, հոգու համար, և այդ տեսանկյունից շատ դժվար է միանշանակ պատասխանել այդ հարցին։ Բայց մյուս կողմից գինին ունի շատ կոնկրետ ցուցանիշներ` գույն, բույր, համ, թնդություն և այլն։ Այս ցուցանիշներով ԱԲ–ի ստեղծած գինուն կարելի է վստահել։ Այսինքն, մի կողմից շատ ողջունելի է, որ նման քայլ կա, մյուս կողմից՝ սա բացում է պանդորայի արկղը, երբ որ մենք վստահում ենք մեր հոգին ու սիրտը արհեստական բանականությանը։ Այսինքն՝ մենք պատրա՞ստ ենք արդյոք դրան, թե՞ պատրաստ չենք»,– իր մտորումներն է ներկայացնում Ավագ Հարությունյանը։
Հիշեցնենք` հայաստանյան ընկերություններից մեկը վերջերս հայտարարեց, որ ԱԲ–ի միջոցով ստեղծել է գինի` արհեստական բանականությամբ, բայց բնական համով։ Որպես հիմք ԱԲ–ին տրվել է հայկական խաղողի տեսակների մասին մանրամասն տեղեկատվություն, որի հիման վրա ԱԲ–ն համադրել է դրանք` հստակ չափաբաժիններով։ ԱԲ–ի առաջարկած բաղադրությամբ էլ ստեղծվել է գինու նոր տեսակը։