ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Անվերահսկելի միգրացիան և դրա հետ կապված խնդիրներն այսօր վտանգ են ներկայացնում Ռուսաստանի համար։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Եկեղեցական բարձրագույն խորհրդի նիստում։
«Եկեղեցին դարձել է սպառնալիք հանդիսացող անվերահսկելի միգրացիայի առաջին վկաներից մեկը։ Խոսելով կրոնների միջև լավ հարաբերությունների մասին՝ մենք չպետք է անտեսենք որոշակի մարտահրավերներ, դժվարություններ և նույնիսկ վտանգներ, որոնք կարող են առաջանալ այս ոլորտում: Այդ վտանգներից մեկն անվերահսկելի միգրացիան է։ Բայց դրա հետ կապված խնդիրները միջկրոնական լարվածության և առավել ևս կոնֆլիկտների հետևանք չեն, և այդ մասին պետք է անպայման խոսել ու մարդկանց բացատրել», - ասել է պատրիարք Կիրիլը։
Պատրիարքն ընդգծել է, որ ուղղափառների և մահմեդականների, ինչպես նաև այլ կրոնների ներկայացուցիչների միջև համաձայնությունը Ռուսաստանի պատմական ընտրությունն է, և հոգևորականների առջև խնդիր է դրված ոչ միայն պահպանել միջկրոնական համաձայնությունը, այլև ամրապնդել այն ընդհանուր վտանգներին դիմագրավելու համար: