ՌԴ պատվիրակությունը Ժնևի բանակցություններից առաջ հրահանգներ է ստանում Պուտինից. Պեսկով

Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակությունը կընդլայնվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Ռուսական պատվիրակությունը Ուկրաինայի հարցով բանակցություններից առաջ մանրամասն հրահանգներ է ստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն Ժնևում փետրվարի 17-18-ը։

«Մեկնելուց առաջ նրանք, անշուշտ, մանրամասն հրահանգներ են ստանում նախագահից», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը ծրագրում է հանդիպել բանակցությունների համար Ժնև մեկնող ռուսական պատվիրակության հետ։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև հայտնել է, որ Ժնևում Ուկրաինայի շուրջ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակությունը կընդլայնվի։
«ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկուց բացի, պատվիրակության կազմում կլինի նաև արտաքին գործերի փոխնախարար Գալուզինը և այլ պաշտոնյաներ», – ասել է նա։
Ժնևում նաև հանդիպումներ կանցկացվեն տնտեսական հարցերով աշխատանքային խմբի շրջանակում։ Այդ խմբի կազմում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչը Կիրիլ Դմիտրիևը։
Հիշեցնենք` փետրվարի 4-5-ը Աբու Դաբիում կայացել էր Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ խմբի շրջանակում։ Առաջին փուլն անցկացվել էր հունվարի 23-24-ին Աբու Դաբիում։ Երկու հանդիպումն էլ փակ է եղել՝ առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների։
Ժնևում կքննարկվեն ուկրաինական հակամարտության կարգավորման առանցքային պարամետրերը