ՄԻԵԴ–ը ՀՀ կառավարությունից պահանջել է Տոնոյանի գործի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնել

ՀՀ պաշտպանության նախկին նախարարի պաշտպանական խումբը նշել է, որ այս փուլում քննությունը վերաբերում է բացառապես Կոնվենցիայի` ենթադրյալ խախտումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննության է ընդունել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտման մասին գանգատը և այն պաշտոնապես հաղորդել է ՀՀ կառավարությանը՝ պահանջելով ներկայացնել դիրքորոշում։ Այս մասին հայտարարություն է տարածել Տոնոյանի պաշտպանական խումբը։
«Դիմումը քննության է ընդունվել «well–established case-law» ընթացակարգով, ինչը նշանակում է, որ դրանում բարձրացված հարցերը վերաբերում են այնպիսի իրավախախտումների, որոնց առնչությամբ Եվրոպական դատարանն արդեն ձևավորել է կայուն և հաստատված նախադեպային իրավունքի շրջանակ։ Այլ կերպ ասած՝ նմանատիպ իրավիճակներում խախտումները նախկինում բազմիցս արձանագրվել են դատարանի կողմից, և առկա է ձևավորված իրավական գնահատական»,– ընդգծել են Տոնոյանի փաստաբանները։
Փաստաբանների գանգատը վերաբերում է՝
կալանքի իրավաչափությանը, տևողության հիմնավորվածությանը,
դատարանների որոշումների պատճառաբանվածությանը,
️ իրավական որոշակիության և կողմերի հավասարության սկզբունքների պահպանմանը։
Տոնոյանի պաշտպանական խումբը նշել է, որ այս փուլում քննությունը վերաբերում է բացառապես կոնվենցիայի ենթադրյալ խախտումներին և չի առնչվում մեղավորության հարցին, ինչպես նաև չի կանխորոշում դատավարության արդյունքը։
«Հարկ ենք համարում հատուկ շեշտադրել նաև այն, որ ՀՀ վճռաբեկ դատարանը նույնպես վարույթ է ընդունել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ գործով նույնաբնույթ հարցի վերաբերյալ վճռաբեկ բողոք, սակայն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հիշյալ վճռաբեկ բողոքի վերաբերյալ որոշում չի կայացվել: Դատական գործընթացը ՀՀ–ում շարունակվում է»,– ընդգծել են Տոնոյանի փաստաբանները։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Նույն օրը ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Ստեփան Գալստյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց 2023 թվականի դեկտեմբերին, իսկ Դավիթ Տոնոյանը 15 մլն դրամ գրավի դիմաց` օգոստոսի 15–ին։