Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ քննարկումներ կունենա ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հետ. Արաղչի

Իրանի ԱԳՆ–ի ղեկավարի խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ բանակցությունները տեխնիկական բնույթ են կրելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ միջուկային էներգետիկայի վերաբերյալ տեխնիկական քննարկումներ կանցկացնի ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Երկուշաբթի միջուկային էներգետիկայի հարցերով փորձագետների մասնակցությամբ հանդիպում կունենամ Ռաֆայել Գրոսիի հետ՝ խորացված տեխնիկական բանակցությունների համար»,– գրել է նախարարը X սոցցանցի իր պաշտոնական էջում։

Հիշեցնենք` ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները փետրվարի 6-ին Մասկատում (Օման) բանակցություններ անցկացրին Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ բանակցությունները լավ ընթացք են ունեցել և կշարունակվեն։ Փետրվարի 8-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծեց, որ Իրանը պնդում է ուրանը հարստացնելու իր իրավունքը, նույնիսկ եթե դա պատերազմի հանգեցնի։