Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացնում

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ ԱՄՆ ՌԾՈւ երկրորդ ավիակիր խումբը շուտով կմեկնի Մերձավոր Արևելք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Իրանի զինվորականները «Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողություն» զորավարժություններ են անցկացնում Մերձավոր Արևելքում տիրող լարվածության և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մեծացման ֆոնին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին։
«Մեկնարկել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի «Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողություն» զորավարժությունները»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում կստուգվի ԻՀՊԿ ստորաբաժանումների պատրաստվածությունը, կմշակվեն ԻՀՊԿ ռազմական գործողությունների սցենարներ՝ ուղղված Հորմուզի նեղուցի շրջանում անվտանգության սպառնալիքների դիմակայմանը, ինչպես նաև կփորձարկվեն իրանցի զինվորականների արագ, վճռական և համապարփակ արձագանքման հմտությունները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի շուրջ իրավիճակի սրման ֆոնին ԱՄՆ ՌԾՈւ երկրորդ ավիակիր խումբը շուտով կմեկնի Մերձավոր Արևելք։ Նա ընդգծել էր, որ դա անհրաժեշտ է այն դեպքում, եթե չհաջողվի Թեհրանի հետ համաձայնության գալ։
ԱՄՆ-ն Իրանի դեմ երկարատև ռազմական գործողության է պատրաստվում. ԶԼՄ