Հայաստան է ներմուծվել 340 «Starlink» տերմինալ. նախարարը թվեր ներկայացրեց

Տեխնոլոգիական ոլորտի շրջանառությունը 2025 թ.-ին կազմել է ավելի քան 1 տրլ. դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. 2025 թվականի 2-րդ կիսամյակում Հայաստան է ներմուծվել 340 «Starlink» տերմինալ։ Այս տվյալները մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Արաբանյակային ինտերնետ կապի ոլորտում նախարարությունը կատարել է մեծածավալ աշխատանքներ։ Գաղտնիք չէ, որ ՀՀ–ում արդեն իսկ 2025 թվականից հասանելի է արբանյակային ինտերնետ կապի «Starlink» ընկերության ծառայությունները։ Այստեղ մենք աշխատանքները մեկնարկել էինք դեռևս 2024 թվականից` ազատականացնելով ռադիոհաճախականության որոշակի տիրույթներ, որից հետո «Starlink» ընկերությունը հնարավորություն ունեցավ իր գործունեությունը ծավալել»,– ընդգծեց նախարարը։
Նշենք, որ «Starlink»–ը արհեստական արբանյակների գլոբալ համակարգ է, որը տեղակայված է «SpaceX-ի» կողմից` գերարագ լայնաշերտ արբանյակային ինտերնետի հասանելիությունն ապահովելու համար այն վայրերում, որտեղ այն կայուն չէ: «Starlink»–ը ստեղծվել է «SpaceX»–ի կողմից 2014 թվականի հունիսին:
Նախարարը ներկայացրեց նաև տեխնոլոգիական ոլորտի գործունեության մի շարք տվյալներ. եթե 2017 թվականին այս ոլորտում գործունեություն իրականացրել է 650 ընկերություն, ապա 2024 թվականին՝ 8 396, իսկ 2025 թ.` 12 026 կամ 2017 թվականի համեմատ 18.5 անգամ ավելի շատ։
«Եթե 2017 թվականին այս ընկերություններն ունեին ընդամենը 15 350 աշխատակից, ապա նրանց թիվը 2024 թվականին հասավ 41 541–ի, իսկ 2025 թ.` 41 431 կամ 2,6 անգամ ավելի աճ են ապահովել 2017 թվականի համեմատ»,– նշեց Հայրապետյանը։
Ըստ նրա` եթե 2017 թվականին տեխնոլոգիական ոլորտի շրջանառությունը կազմել է 306 մլրդ 040 մլն դրամ, ապա 2024 թ.՝ 915 մլրդ 800 մլն դրամ, իսկ 2025 թ. ավելի քան 1 տրլ. 2017 թ. համեմատ աճը ավելացել է 3.2 անգամ։
Ինչ վերաբերում է արտահանումներ ընդհանուր ծավալներին, ապա նրա խոսքով` եթե 2017 թվականին այն կազմել է 135 մլրդ 440 մլն դրամ, ապա 2024 թ.՝ 702 մլրդ 100 մլն դրամ, իսկ 2025 թ. 711 մլրդ 500 մլն դրամ կամ 2017 թվականի համեմատ այն աճել է 5.2 անգամ։
Մխիթարյանը հավելեց, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հայաստան այցի շրջանակում «Starlink»–ը նաև հայտարարել է, որ ավելի քան 100 տերմինալներ է նվիրաբերել ՀՀ կառավարությանը` հայաստանյան հատկապես բարձր լեռնային մի շարք հատվածներում գտնվող հանրակրթական հաստատություններում ինտերնետ կապի խնդիրը լուծելու համար, այդ թվում` առաջիկա մեկ տարին ամբողջ ծառայությունների գումարի վճարները վերցնելով իր վրա։