ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Չի բացառվում, որ Հայաստանում արտադրված ԱԹՍ–ներն առաջիկայում նախատեսվեն արտահանման։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«2025 թվականն այս իմաստով հատկանշական է և, ըստ էության, բացառիկ, քանի որ մինչև 2025 թվականը հայկական տեղական ռազմական արդյունաբերական ընկերություններն օբյեկտիվորեն չէին էլ կարող թիրախավորել միջազգային շուկաները, քանի որ ինդուստրիան նոր էր զարգանում, ընդամենը մի քանի տարվա կյանք ուներ։ Բացի այդ, մեզ համար առաջնահերթ էր եռամյա պայմանագրերի առաջին փուլի շրջանակում ռազմաարդյունաբերական ընկերությունների կողմից սեփական բանակի, զինված ուժերի կարիքների բավարարումը»,– նշեց նախարարը։
Ըստ նրա` երբ ռազմարդյունաբերող մի քանի առաջատար ընկերություններ, որոնք ՀՀ պաշտպանության նախարարության հետ ունեին համապատասխան պայմանագիր, կարողացան իրենց արտադրական հզորությունները մեծացնել` կատարելով ներդրումներ պետությունից ստացած շուրջ 172 մլրդ դրամ պետական պատվերների միջոցով, այդ միջոցների մի մասը կարողացան գրագետ ձևով ուղղել արտադրական և մասնագիտական տեխնոլոգիական կարողությունների հզորացմանը։
Արդյունքում, Հայրապետյանի խոսքով, այս ընկերությունները կարողացան մտածել նաև միջազգային շուկաներ դուրս գալու մասին, որոշակի կոնտակտներ հաստատեցին տարբեր երկրների գործընկերների հետ ու գտան շուկաներ։
«Այսինքն` սրանք այնպիսի շուկաներ են, որոնց ուղղությամբ ՀՀ–ի համար քաղաքական, տնտեսական առումով բոլոր ռիսկերը գնահատվել են, և միայն դրա արդյունքում են այդ թույլտվությունները տրվել։ ՀՀ կառավարությունն աջակցելու է այս ընկերություններին, քանի որ ռազմարդյունաբերությունը մեր արտահանման ճյուղերից մեկն է լինելու»,– հայտարարեց նախարարը։
Նա հիշեցրեց, որ հայկական ռազմաարդյունաբերական ընկերություններն առաջին անգամ 2025 թվականին են ստացել ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա։
«Հաշվի առնելով տեղեկատվության նրբազգաց լինելը և գաղտնի բովանդակությունը` ես զերծ կմնամ հավելյալ տեղեկատվություն տալուց»,– ընդգծեց Հայրապետյանը։
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` եթե Հայաստանը կարողանում է սեփական ԱԹՍ–ներ արտադրել, ապա ինչո՞ւ համաձայնեցինք ԱՄՆ–ից ձեռք բերել «V-BAT» անօդաչու թռչող սարքեր։ Հայրապետյանը նշեց, որ այս տեսակի ԱԹՍ–ներ ՀՀ ընկերությունները չեն արտադրում. եթե արտադրեին, ապա հարց չէր էլ ծագի նման տեխնոլոգիաներով որևէ արտադրանք ներմուծելու համար։