ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը, որոնք ձմեռային օլիմպիական խաղերում ներկայացնում են Հայաստանը, պատմել են, որ ճիշտ է հեռուստացույցով, բայց դիտել են տղամարդ գեղասահորդների անհատական ելույթները։
«Անհանգստանում էինք հատկապես այն տղաների համար, որոնց ճանաչում ենք, այդ թվում ՝ մեր ընկերոջ ՝ արդեն օլիմպիական չեմպիոն Միխայիլ Շայդորովի համար (Միխայիլ Շայդորովը ներկայացնում է Ղազախստանը, նա երեկ նվաճեց օլիմպիական ոսկին)։ Մենք անչափ ուրախ ենք նրա համար: Անհանգստանում էինք նաև Պյոտր Գումեննիկի համար (զբաղեցրել է 6-րդ տեղը) ու Իլյա Մալինինի համար (ներկայացնում է ԱՄՆ-ն, մարզիչը հայազգի Ռաֆայել Հարությունյանն է)», - Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է Կարինա Ակոպովան։
Նիկիտա Ռախմանին
© Sputnik
Ի դեպ, գեղասահորդները մարզումներն անցկացրել են ոչ թե Միլանում, այլ Շվեյցարիայում։
«Միլանում մարզումների համար օրական ընդամենը 30 րոպե էին տրամադրում։ Դա մեզ համար ծայրահեղ քիչ է։ Մենք սովորաբար մարզվում ենք օրական երկու ժամ, և այդ պատճառով մեր թիմը ընտրեց այս տարբերակը: Ամեն ինչ հիանալի է անցնում», - նշել է գեղասահորդուհին։
Հայաստանը ներկայացնող գեղասահորդներն ավելի վաղ հայտարարել էին, որ հանդես են գալու Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է հայտնել ձմեռային օլիմպիական խաղերում այդ ստեղծագործությունն օգտագործելու կապակցությամբ: Փետրվարի 9-ին հայտնի դարձավ, որ «Արցախ» անվան փոխարեն կհայտարարվի «Երաժշտությունը՝ Արա Գևորգյանի»։
Կարինա Ակոպովան
© Sputnik
Փետրվարի 15-ին նրանք ելույթ կունենան սպորտային զույգերի կարճ ծրագրի որակավորման փուլում։
Հիշեցնենք` ձմեռային օլիմպիական խաղերը Իտալիայում մեկնարկել են փետրվարի 6-ին, կավարտվեն փետրվարի 22-ին: