Ռուբիոյի ելույթը Մյունխենում հարված էր Ուկրաինայի համար. «Responsible Statecraft»

Նրա խոսքը սպասվում էր հատուկ ուշադրությամբ, քանի որ անցյալ տարի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կոշտ ելույթ էր ունեցել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Մյունխենի համաժողովում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ելույթը հիասթափեցրեց Ուկրաինային։ Այս մասին գրում է «Responsible Statecraft» թերթը։
Պարբերականի կարծիքով՝ շատ ավելի կարևոր էր այն, ինչի մասին Ռուբիոն լռել է։
«Ըստ էության, այն, ինչ Ռուբիոն չասաց, շատ ավելի հատկանշական էր, քան այն, ինչ նա ասաց, հատկապես Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ, որը ընդհանուր եվրոպական կարծիքով ընկալվում է որպես գոյաբանական անվտանգության խնդիր», - ասվում է հրապարակման մեջ:
Ռուբիոն միայն մեկ անգամ հիշատակեց Ուկրաինան, այն էլ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների համատեքստում՝ ընդգծելով այդ գործընթացում ամերիկյան առաջնորդությունը։
Ելույթում չհնչեցին Կիևին «այնքան, որքան անհրաժեշտ է սատարելու» սովորական խոստումներ և ընդդեմ բռնապետության ժողովրդավարության պայքարի մասին հռետորաբանություն։
Բացի այդ, ելույթից առաջ Ռուբիոն չեղարկել էր Ուկրաինայի հարցով եվրոպական առաջնորդների հետ հանդիպումը։