ՌԴ ԱԳՆ-ում տարակուսած են «Կիևում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման» մասին Ալիևի խոսքերից

Նշվում է, որ Մոսկվան ժամանակին Բաքվին է տրամադրել անհրաժեշտ բոլոր պարզաբանումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ում տարակուսանքով են ընդունել Բաքվի հայտարարությունները Կիևում Ադրբեջանի դեսպանատան վրա իբր «կանխամտածված» ռուսական հրթիռային հարձակումների մասին, ադրբեջանական կողմին ժամանակին տրամադրվել են անհրաժեշտ պարզաբանումներ:
Ավելի վաղ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ առաջին հարվածից հետո Բաքուն ռուսական կողմին է փոխանցել իր դիվանագիտական ներկայացուցչությունների կոորդինատները, սակայն «չնայած դրան, հաջորդել է ևս երկու հարված»: Նա ասել է, որ խոսքը Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա «նպատակային հարձակման» մասին է, որը Բաքուն ընկալում է որպես «ոչ բարեկամական քայլ»:

«Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմին ժամանակին տրամադրվել են անհրաժեշտ պարզաբանումներ։ Մասնավորապես, 2025 թվականի նոյեմբերի 21-ին Մոսկվայում Ադրբեջանի դեսպանին Ռուսաստանի ԱԳՆ-ում զրույցի ընթացքում անկեղծ ափսոսանք է հայտնել Ուկրաինայում ադրբեջանական դիվանագիտական առաքելության շենքերն ու տարածքը վնասելու կապակցությամբ»,- ՌԻԱ Նովոստիին ասել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։ Ուկրաինայում ադրբեջանական օբյեկտներին ուղղված «հրթիռային հարվածների նպատակային բնույթի» մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը, նշել են գերատեսչությունում:

Միևնույն ժամանակ նշվել է, որ Կիևում ադրբեջանական դիվանագիտական առաքելության շենքերի համալիրի վնասումը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության միջոցների ոչ ճիշտ աշխատանքի, ենթադրաբար՝ Patriot ԶՀՀ հրթիռի ընկնելու հետևանքով:
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ «ադրբեջանական կողմը կրկին տեղեկացվել է այն մասին, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը հարվածներ են հասցնում օրինական ռազմական թիրախներին, ուկրաինական ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտներին, այդ թվում ՝ Կիևում տեղակայված օբյեկտներին:
«Հարվածների պլանավորման ժամանակ իրականացվում է մարտական կիրառման տվյալների մանրակրկիտ հսկողություն՝ քաղաքացիական բնակչությանը հասցված վնասը բացառելու համար, հաշվի են առնվում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման վայրերը», - հավելել են ԱԳՆ-ում: Ուշադրություն է դարձվել նաև այն հանգամանքին, որ Կիևը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, շարունակում է բնակելի շինություններում տեղակայել ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության միջոցներ՝ դրանով իսկ վտանգի ենթարկելով քաղաքացիական բնակչությանը: