ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Հնդկաստանը պատվիրում է ֆրանսիական 31 հատ Rafale Marine ինքնաթիռ՝ ի լրումն նախորդ 114 մարտական ինքնաթիռների։ Այս մասին հայտնում է «Tribune» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Ընդհանուր առմամբ, պատվերը կկազմի 145 հատ Rafale ինքնաթիռ։ Դրանք տեղակայվելու են հիմնականում «Vikrant» ավիակրի վրա, ինչպես նաև կարող են տեղակայվել նաև հնդկական մեկ այլ՝ «Vikramaditya» ավիակրի վրա: Միևնույն ժամանակ, ըստ թերթի, Հնդկաստանը ծրագրում է կառուցել երրորդ ավիակիրը։
Պարբերականի տվյալներով՝ հնդկական նավատորմն այդ պայմանագրի կնքման դեպքում կստանա 57 նոր ինքնաթիռ՝ այն դեպքում, երբ Ֆրանսիայի նավատորմում նման ինքնաթիռները 41 հատ են:
Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երկրի պաշտպանական գնումների խորհուրդը՝ պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի նախագահությամբ, հավանություն է տվել բոլոր զորատեսակների համար շուրջ 39,7 մլրդ դոլարի գնումներին: Ի թիվս այլ պատվերների, հաստատվել է երկրի ռազմաօդային ուժերի համար Rafale կործանիչների գնումը։
Պայմանագրի կատարման արդյունքում Հնդկաստանը կդառնա Ֆրանսիայի սահմաններից դուրս Rafale ինքնաթիռների խոշորագույն օպերատորը: Հնդկաստանի օդուժը կունենա 150 Rafale կործանիչ, իսկ ռազմածովային ուժերին կտրվի 26 ինքնաթիռ, որոնք հարմարեցված կլինեն ավիակիրների վրա օգտագործման համար:
Հաղորդվում է, որ «Dassault Aviation» ընկերությունն արդեն Հնդկաստանում ստեղծում է տեխնիկական սպասարկման և վերանորոգման ձեռնարկություն և պարտավորվել է Հնդկաստանը նույնպես, բացի Ֆրանսիայում գործող ձեռնարկություններից, դարձնել Rafale ինքնաթիռների արտադրության և պահպանման կենտրոն: