ԵՄ-ին ձեռնտու է «չարագործ» Օրբան ունենալ. հայ փորձագետները՝ Զելենսկու խայթոցների մասին

Վիկտոր Օրբան, Վլադիմիր Զելենսկի
Եվրոպայում շատերի համար անհեթեթ է հնչում, որ Ուկրաինան ներկա վիճակում կամ նույնիսկ հակամարտության սառեցումից հետո կարող է մտնել Եվրոպական միություն, սակայն նրանք նախընտրում են դա չբարձրաձայնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Շատ երկրներ չեն ցանկանում Ուկրաինային տեսնել ԵՄ-ում, բայց խուսափում են այդ մասին հանրային հայտարարություններից, քանի որ դա արդեն անում է Հունգարիայի առաջնորդ Վիկտոր Օրբանը։ Այդ մասին Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ, APRI Armenia կենտրոնի փորձագետ Բենիամին Պողոսյանը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի հետ հեռակա վիճաբանությունը։
Նախօրեին Մյունխենի անվտանգության համաժողովում Ուկրաինայի նախագահը հայտարարել էր. « Վիկտորը [Օրբան – խմբ.] նույնիսկ կարող է մտածել, թե ինչպես մեծացնել իր ստամոքսը, այլ ոչ թե իր բանակը, որպեսզի կանգնեցնի ռուսական տանկերի վերադարձը Բուդապեշտի փողոցներ»: Օրբանի հասցեին օրվա երկրորդ ռեպլիկը Զելենսկին արեց Էվալդ ֆոն Քլայստի անվան մրցանակի հանձնման արարողության ժամանակ։ Նա ասաց, որ Հունգարիայի վարչապետը «Եվրոպայում բոլորին յուրովի դրդում է լինել ավելի լավը, գոնե այն բանի համար, որ մենք երբեք չդառնանք իր նման՝ մարդու, որը կարծես մոռացել է «ամոթ» բառի իմաստը»:
Ի պատասխան՝ Օրբանը հայտարարել է, որ բանավեճն իր և Զելենսկու մասին չէ, այլ Հունգարիայի, Ուկրաինայի և Եվրոպայի ապագայի։ Այդ իսկ պատճառով Ուկրաինան չի կարող դառնալ Եվրամիության անդամ։ Պողոսյանի խոսքով՝ հասկանալի է, որ Ուկրաինայի նախագահն այնքան էլ լավ վիճակում չէ։ Չնայած Եվրոպական միության բոլոր ջանքերին, Ռուսաստանի բանակը դանդաղ, բայց շարունակում է առաջ շարժվել։ Միաժամանակ ԱՄՆ-ից ֆինանսավորում և օգնություն փաստացի չի ստացվում։
«Այս պայմաններում հասկանալի է, որ դու կարող ես նյարդայնանալ և, այսպես ասենք, ոչ այնքան դիվանագիտական հայտարարություններ անել։ Բայց այստեղ, կարծում եմ, խնդիրն այլ է: Զելենսկին ցանկանում է ցույց տալ, որ իբր Եվրամիության մյուս 26 անդամ երկրները պատրաստ են Ուկրաինային ընդունել միություն։ Եվ այստեղ կա միայն մի չարագործ՝ պարոն Օրբանը, Հունգարիայի վարչապետը, որն, ահա, կանգնեցնում է այդ գործընթացը», - նշեց Պողոսյանը։
Իրականում, քաղաքագետի կարծիքով, շատ երկրներ չեն ցանկանում Ուկրաինային տեսնել Եվրամիության կազմում առաջին հերթին նրա ներկայիս վիճակի պատճառով: Երկիրը չի վերահսկում իր միջազգայնորեն ճանաչված տարածքի 20 տոկոսից ավելին, շարունակվում է պատերազմը, տնտեսությունը ոչնչացված է, առկա է վիթխարի կոռուպցիա, 5 տարով ընտրված նախագահը կառավարում է արդեն 7 տարի, փաստացի չկա քաղաքական կյանք։
«Այսինքն՝ այս պայմաններում Ուկրաինային ընդունել Եվրամիություն, դա նշանակում է դեմ գնալ ԵՄ բոլոր կարգավորումներին։ Կարծում եմ՝ ԵՄ մյուս անդամները պարզապես օգտագործում են Օրբանին։ Այսինքն՝ շատերը հասկանում են՝ ասել, որ Ուկրաինան այժմ կամ ներկա վիճակում, կամ նույնիսկ հակամարտության սառեցումից հետո կարող է դառնալ Եվրոպական միության անդամ՝ իրենց համար դա ուղղակի աբսուրդ է», - նշեց քաղաքագետը։
Ընդ որում, քանի որ Օրբանը բացահայտ խոսում է այդ մասին, շատերը մտածում են, թե իրենք ինչու «վատամարդ» դառնան։ Թույլ տալով, որ միայն Օրբանը խոսի, մյուսները պարզապես հայտարարում են «եղբայր ուկրաինացիների մասին»։ «Իրոք, բոլորս ուզում ենք, որ դուք լինեք Եվրամիության կազմում, որ ապրեք, այսպես ասենք, նորմալ, ունենաք բարձր ստանդարտներ և այլն։ Բայց ահա մի չարագործ՝ Օրբանը, դա չի ուզում», - ասաց Պողոսյանը։
Հայաստանի Հանրապետական կուսակցության բարձրագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նույնպես կարծում է, որ իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ուկրաինայի հարցով ԵՄ-ում տարաձայնություններ կան:
Նրա խոսքով՝ Հունգարիայի վարչապետն արևմտյան այն գործիչներից է, որը նույնիսկ Ուկրաինայում ամենասուր հակամարտության պահին միշտ փորձել է հավասարակշռված հարաբերություններ պահպանել և՛ ՆԱՏՕ-ի, և՛ Ռուսաստանի հետ։ «Սա մեկ անգամ ևա խոսում է այն մասին, որ Արևելյան Եվրոպայի ոչ բոլոր երկրների առաջնորդներն են, այդ թվում Օրբանը, որն իր պատկերացումներն ունի եվրոպական անվտանգության ապագայի վերաբերյալ, որ ողջունում են Կիևի այսօրվա քաղաքականությունը», - ասաց Շարմազանովը:
Այս ամենը, նրա կարծիքով, ևս մեկ անգամ ապացուցում է՝ Եվրոպայի հակառուսական ճակատում ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ։ Նորն այս դեպքում արմատական, վարվելակարգից դուրս գնահատականներն են, ինչպես և Օրբանի պատասխանները։
Սակայն Բուդապեշտն անվտանգության մասին իր պատկերացումներն ունի, որտեղ չի տեղավորվում Ուկրաինայի՝ մոտ ապագայում ԵՄ-ին անդամակցելը։ Եվ հնարավոր է, ըստ Շարմազանովի, որ այնտեղ հակամարտության շարունակությունը սպառնալիք են համարում Հունգարիայի և Եվրոպայի համար։