Երբ դու ամբողջովին կախված ես Բրյուսելից, միակ բանը, որ կարող ես անել՝ կոպտել ԵՄ անդամին։ Այսպես է մեկնաբանել մյունխենյան համաժողովում Հունգարիայի վարչապետի հասցեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի կրթության և դաստիարակության հանձնաժողովի առաջին փոխնախագահ Արմեն Գասպարյանը:
Նախօրեին Մյունխենի անվտանգության համաժողովում Ուկրաինայի նախագահը հայտարարել էր. «Վիկտորը [Օրբանը - խմբ] նույնիսկ կարող է մտածել, թե ինչպես մեծացնել իր ստամոքսը, այլ ոչ թե իր բանակը, որպեսզի կանգնեցնի ռուսական տանկերի վերադարձը Բուդապեշտի փողոցներ»:
«Կրիվոյռոգյան դիվանագիտական դպրոցը հզոր է... Ինչի՞ համար է նրա դա պետք: Երբ նա առաջին անգամ գռեհիկ խոսեց, բոլորը դա ընդունեցին որպես հումորիստի էստրադային ներկայացում, իբր՝ համակերպվենք դրան, մարդու նյարդերը քայքայված են։ Իսկ նա դա ընկալեց որպես ճանապարհային քարտեզ, գործողության կոչ», - Sputnik-ի մեկնաբանությունում ասել է Գասպարյանը։
Նա նաև հիշեցրել է «Երբ տգիտությունը վերածվում է գռեհկության, շատ տխուր է դառնում» արտահայտությունը, նշելով՝ «Այս բանաձևը ես կշարունակեի այսպես՝ «Երբ կոպտությունը դառնում է միակ հնարավոր քաղաքական գիծը, դա արդեն անհույս է»»։
Նշենք, որ Օրբանը, պատասխանելով Զելենսկուն, «X»-ում գրել է. «Այնուամենայնիվ, դուք ինչ-որ բան սխալ եք հասկանում. այդ քննարկումն իմ կամ ձեր մասին չէ։ Այն Հունգարիայի, Ուկրաինայի և Եվրոպայի ապագայի մասին է։ Հենց պատճառով դուք չեք կարող դառնալ Եվրամիության անդամ»։ Նա հավելել է, որ Զելենսկու ելույթը մեծապես կօգնի հունգարացիներին ավելի հստակ տեսնել իրավիճակը։