ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվել է Տեառնընդառաջը, և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ Մայր տաճարում մատուցվել է սուրբ և անմահ պատարագ: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Պատարագիչը եղել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տների հոգևոր տեսուչ Հարություն վարդապետ Կիրակոսյանը։
Դիմելով ներկաներին` նա պատգամել է առանց վարանելու և երկմտելու գնալ Տիրոջն ընդառաջ, որպեսզի Աստված մեզ գթա ու արժանացնի այն անհուն խնդությանը և նույն բերկրանքին, որն ապրեց Սիմեոն ծերունին Մանկանը գրկելիս։
Պատարագի ավարտին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի հանդիսապետությամբ կատարվել է նորապսակ զույգերի օրհնության կարգ։
Նույն օրը Ամենայն հայոց կաթողիկոսը Վեհարանում ընդունել է Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող նորապսակ սարկավագներին։
Նա նորապսակ զույգերին հորդորել է ապրել սիրով, լինել միմյանց զորակից և չընկրկել դժվարությունների առաջ։ Կաթողիկոսը մաղթել է նաև, որ Տիրոջ լույսն ու ջերմությունը մշտապես ներկա լինեն իրենց նորակազմ ընտանիքներում և ապրեն առողջ ու երջանիկ կյանքով։
Վերջում Գարեգին Երկրորդը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորապսակ զույգերին և նվերներ ընծայել:
Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։
Տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Տեառնընդառաջի պատարագից հետո հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ: