ԱՄՆ-ն Իրանի դեմ երկարատև ռազմական գործողության է պատրաստվում. ԶԼՄ

Ամերիկացի զինվորականները ծրագրում են խոցել ոչ միայն միջուկային օբյեկտները, այլև երկրի պետական և ուժային կառույցները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Ամերիկյան զինուժը պատրաստվում է Իրանի դեմ երկարատև ռազմական գործողության, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցնի Թեհրանի հետ համաձայնության հասնելու բոլոր դիվանագիտական ջանքերը։ Այս մասին գրում է «Reuters»-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին:
«Ամերիկյան զինվորականները պատրաստվում են Իրանի դեմ հնարավոր երկարատև գործողության, եթե նախագահ Դոնալդ Թրամփը հրաման տա հարձակման մասին, ինչը կարող է հանգեցնել երկրների միջև այնպիսի լուրջ հակամարտության, ինչպիսին չի եղել նախկինում»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Ըստ լրատվամիջոցի` Իրանի դեմ գործողությունների նախապատրաստումն այժմ ավելի բարդ է, քան ամռանը միջուկային օբյեկտներին հարվածելու դեպքում։
Այս անգամ ամերիկացի զինվորականները ծրագրում են խոցել ոչ միայն միջուկային օբյեկտները, այլև երկրի պետական և ուժային կառույցները: ԱՄՆ-ում սպասում են, որ Թեհրանը պատասխան գործողությունների կդիմի, ինչը կարող է հանգեցնել մի շարք փոխադարձ հարվածների։
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ եթե Իրանի հետ բանակցությունները հաջողությամբ չպսակվեն, ԱՄՆ ռազմածովային ուժերի երկրորդ ավիակիրը կուղևորվի Մերձավոր Արևելք։
«New York Times» թերթի տվյալներով՝ խոսքը «Gerald R. Ford» ավիակրի մասին է։
Հիշեցնենք` ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները փետրվարի 6-ին Մասկատում (Օման) բանակցություններ անցկացրին Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ բանակցությունները լավ ընթացք են ունեցել և կշարունակվեն։ Փետրվարի 8-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծեց, որ Իրանը պնդում է ուրանը հարստացնելու իր իրավունքը, նույնիսկ եթե դա պատերազմի հանգեցնի։
Իրանի սահմանի մոտ ԱՄՆ հետախուզական թռչող սարքեր են նկատվել