ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. 2025 թվականին Հայաստանում 768 կգ թմրամիջոց է առգրավվել։ 2025 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«2025 թվականի կտրվածքով իրավապահներն առգրավել են 768 կգ տարբեր տեսակների թմրամիջոց, ինչը 80 տոկոսով շատ է 2024 թվականի համեմատ»,– ասաց նա։
Սարգսյանը այս տվյալը կարևոր նվաճում համարեց ու ընդգծեց, որ ոչ թե ավելի մանր, այլ խոշոր խմբաքանակների հետևից են գնացել ու առգրավել դրանք։
«Թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ լիովին նոր ռազմավարություն ենք մշակել, որը թիրախավորել է թե՛ հանրային առողջապահությունը, թե՛ հանրային անվտանգությունը։ Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 614-ով կամ 20,4 տոկոսով»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով` միևնույն ժամանակ հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 243-ով շատ դեպք։