ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ «Politico»-ն, հղում անելով աղբյուրին, հայտնել էր, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ուկրաինական կարգավորման հարցով հաջորդ եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ Մայամիում կամ Աբու Դաբիում։
«Պայմանավորվածություն կա, որ բանակցությունների հաջորդ փուլն իսկապես տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Վայրն ու ճշգրիտ օրը կհայտնենք ձեզ», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` փետրվարի 4-5-ը Աբու Դաբիում կայացել էր Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ խմբի շրջանակում։ Առաջին փուլն անցկացվել էր հունվարի 23-24-ին Աբու Դաբիում։ Երկու հանդիպումն էլ փակ է եղել՝ առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների։