ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ «Իզմիրլյան» ԲԿ-ում այսօր վաղ առավոտից կատարված խուզարկություններն առնչվում են Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների և իբրև թե նրանց հետ փոխկապակցված ընկերությունների հետ։ Այսօր բուժկենտրոնում կատարված խուզարկություններից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բուժկենտրոնում կատարված քննչական գործողություններն առնչվում են առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու, փողերի լվացման վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի հետ։
Էրիկ Ալեքսանյանը որոշ մանրամասներ հայտնեց քրեական վարույթից։ Ըստ փաստական հանգամանքների՝ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2025թ․, հաղորդումը ներկայացվել է հոկտեմբերի 8-ին, իսկ հոկտեմբերի 9-ին վարույթը նախաձեռնվել է։ Էրիկ Ալեքսանյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ վարույթը նախաձեռնելուց միայն 4 ամիս անց խուզարկություններ անցկացնելու որոշում է կայացվել։
««Իզմիրլյան» ԲԿ-ն 2015-2025թթ․ իր կարիքների համար ձեռք է բերել ապրանքներ, բժշկական պարագաներ՝ իբրև Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից ավելի բարձր գնով, չնայած իբրև ուներ հնարավորություն տվյալ պարագաները ձեռք բերել ավելի ցածր արժեքով՝ ուղղակի ներմուծող և արտադրող ընկերություններից։ Այդ կերպ նաև Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ փոխկապակցվածություն ունեցող ընկերությունների համար առաջացրել են մեծ շահույթներ՝ այդ կերպ խուսափելով առանձնապես խոշոր չափերով հարկերից, և արդյունքում որոշակի գործարքներ կատարելով՝ իբրև լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցները»,- ասաց Ալեքսանյանը։
Բարձրաստիճան հոգևորականների մասին որոշակիացված տվյալներ առկա չեն։ Ինչ վերաբերում է թվաբանական ցուցանիշին՝ Ալեքսանյանը նշեց, որ չի կարող հրապարակել՝ ելնելով նախաքննական գաղտնիքից։
Ալեքսանյանը շեշտեց՝ ըստ էության, ամբողջը վերաբերում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն։
Փաստաբանի կարծիքով՝ այն, ինչ այսօր կատարվում է, տեղավորվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի շրջանակներում։
Արմեն Չարչյանի աշխատասենյակից որոշակի փաստաթղթերից բացի վերցվել են նաև գումարներ, ինչի մասին խուզարկության մասին որոշման մեջ նշված չէ։ Այսինքն՝ չկա որևէ նշում, որ վարույթ իրականացնող մարմինը որևէ իրավասություն ունի գումար վերցնելու։ Խուզարկության որոշմամբ՝ վարույթ իրականացնող մարմինը վճարահաշվարկային փաստաթղթերից զատ կարող է առգրավել նաև էլեկտրոնային կրիչներ։
Փաստաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ, ըստ էության, քրեական վարույթի նախաձեռնումից 4-5 ամիս անց է խուզարկություն կատարվում, մինչդեռ տրամաբանությունը հուշում է՝ եթե ստացվել են օպերատիվ տվյալներ, ապա պետք էր նաև օպերատիվ կարգով խուզարկություններ իրականացնել։