Իրանի հրթիռային համակարգերը բանակցությունների ժամանակ քննարկման առարկա չեն. Շամխանի

Իրանի պաշտպանության խորհրդի քարտուղարը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Իրանի հրթիռային համակարգերը Թեհրանի համար «կարմիր գիծ» են և բանակցությունների ժամանակ քննարկման առարկա չեն, հայտարարել է Իրանի պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։
«Հրթիռային մեր համակարգերը մեր «կարմիր գծերից» մեկն են և քննարկման առարկա չեն բանակցություններում», – հայտարարել է Շամխանին Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները փետրվարի 6-ին Մասկատում (Օման) բանակցություններ անցկացրին Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ բանակցությունները լավ ընթացք են ունեցել և կշարունակվեն։ Փետրվարի 8-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծեց, որ Իրանը պնդում է ուրանը հարստացնելու իր իրավունքը, նույնիսկ եթե դա պատերազմի հանգեցնի։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը փետրվարի 5-ին՝ ամիսներ տևած ԱՄՆ-Իրան բանակցությունների դադարից հետո դրանց վերսկսման նախօրեին, պաշտպանության խորհրդի քարտուղար նշանակեց Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանիին։
Պաշտպանության խորհուրդը Իրանում ստեղծվել է երկրի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի կառուցվածքում փոփոխություններ անելուց հետո։ Այն ստեղծելու որոշումը կայացվել է անցյալ տարվա հունիսին Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցած հակամարտությունից հետո։
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին ավելի վաղ հայտարարել էր, որ իր կարծիքով, Վաշինգտոնը եկել է այն եզրակացության, որ անհրաժեշտ է հրաժարվել Իրանի նկատմամբ ռազմական սցենարից։