Աշխարհում զինված հակամարտությունների թիվը քառապատկվել է. ԿԽՄԿ

Կարմիր խաչի մեքենաները Սյունիքում. Արխիվային լուսանկար
ԿԽՄԿ նախագահը նշել է, որ մարդասիրական ծրագրերի ֆինանսավորման ճգնաժամը ոչ թե ֆինանսական, այլ քաղաքական խնդիր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի - Sputnik. Աշխարհում զինված հակամարտությունների թիվը 30 տարվա ընթացքում աճել է չորս անգամ։ Այս մասին հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ-Էգերը։
«Այսօր աշխարհում մենք երկու անգամ ավելի շատ հակամարտություն ենք հաշվում, քան 15 տարի առաջ, և 4 անգամ ավելի շատ, քան 30 տարի առաջ։ Սակայն խնդիրը միայն դրանց թիվը չէ, այլև ինտենսիվությունն ու մասշտաբը. այն փաստը, որ հակամարտությունները համընկնում են տեխնոլոգիական արագ զարգացման հետ, մեծացնում է բացասական ազդեցությունը երկրների բնակչության վրա։ Դրանք արագացնում են բնակչության տեղահանումը։ ԱԹՍ-ները չեն պատերազմում դրոնների դեմ, դրանք կռվում են զինվորականների դեմ և ավելի ու ավելի հաճախ են թիրախավորում բնակչությանը։ Պատերազմները վերածվում են պատերազմների ոչ թե զենք կրողների, այլ խաղաղ բնակիչների դեմ։ Եվ սա միջազգային հումանիտար իրավունքի քայքայման հետևանքն է»,- ասել է նա Մյունխենի անվտանգության համաժողովում։
Նրա խոսքով՝ մարդասիրական ծրագրերի ֆինանսավորման ճգնաժամը ոչ թե ֆինանսական, այլ քաղաքական խնդիր է։
«2023 թվականից ի վեր մենք կրճատել ենք հազարավոր աշխատակիցների, մասշտաբային վերակազմավորումներ ենք արել, բյուջեն կրճատել ենք 1 միլիարդ դոլարով, բարեփոխել ենք ֆինանսական կառավարումը։ Սա քաղաքական խնդիր է։ Իրավունքի գերակայությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կա այն հարգելու քաղաքական կամք և միջազգային համաձայնագրեր։ Միայն եթե երկրների ղեկավարներն օրենքները դարձնեն իրենց քաղաքական առաջնահերթությունը, միայն այդ ժամանակ մենք կկարողանանք կրճատել հակամարտությունների թիվն ու մասշտաբը, և դա կնվազեցնի անհրաժեշտ մարդասիրական օգնության արժողությունը»,-նշել է ԿԽՄԿ ղեկավարը։
Ավելի վաղ ԿԽՄԿ-ն իր տարեկան հաշվետվության մեջ հայտնել էր, որ աշխարհում զինված հակամարտությունների թիվը շարունակում է աճել՝ 2024 թվականին հասնելով շուրջ 130-ի։ Ավելի քան 20 հակամարտություն տևում է ավելի քան երկու տասնամյակ։