ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Լոռու մարզի դպրոցներից մեկում ծեծի ենթարկված 13–ամյա Ալիկ Հ.-ն այտոսկրի կոտրվածք է ստացել, հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։
Երեկ դեպքի վերաբերյալ shamshyan.com-ը գրել էր, որ երեխան 12:50-ի սահմաններում տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Նշվում էր, որ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան ծայրահեղ ծանր վիճակում է ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեխայի վնասվածքը միջին ծանրության է։
Դեպքի վերաբերյալ մեզ քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 247-րդ հոդվածի 1-ին մասով (երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը): Կատարվում է նախաքննություն: