ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ Իրանն անկեղծորեն հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու հարցում և պատրաստ է գնալ ուրանի հարստացման սահմանափակումներին և ստուգումների ուժեղացված ռեժիմին, հայտնում է Financial Times թերթը՝ հղում անելով նախարարի հայտարարություններին։
«Կարծում եմ` Թեհրանն անկեղծորեն ցանկանում է իրական համաձայնության հասնել», – մեջբերում է թերթը Ֆիդանի խոսքերը։
Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ մշտական շփումներ է պահպանում ամերիկացի, իրանցի և տարածաշրջանային պաշտոնական այրերի հետ։
«Ֆիդանը նշել է, որ Իրանը կարող է համաձայնել հարստացման մակարդակի սահմանափակումների և ստուգումների խիստ ռեժիմի հետ, որը նման է Թեհրանի և համաշխարհային տերությունների միջև 2015 թվականի համաձայնագրի շրջանակներում գործող մեխանիզմին», – գրում է Financial Times-ը։
Միևնույն ժամանակ, նախարարի խոսքով, եթե Վաշինգտոնը պնդի, որ բոլոր վիճահարույց հարցերը պետք է լուծվեն միաժամանակ, այդ թվում՝ Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը և տարածաշրջանում զինված խմբավորումների աջակցությունը, նույնիսկ միջուկային հարցը կարող է փակուղի մտնել։
«Վախենում եմ, որ այս դեպքում նույնիսկ միջուկային հարցն առաջ չի շարժվի... արդյունքը կարող է լինել ևս մեկ պատերազմը տարածաշրջանում», – ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Ֆիդանը նաև հայտարարել է, որ Անկարան, տարածաշրջանային այլ երկրների հետ համատեղ, փորձում է մշակել «ստեղծագործական գաղափարներ»՝ Իրանի հրթիռային ծրագրի և զինված խմբավորումներին նրա աջակցության հետ կապված հարցերը լուծելու համար, և պատրաստ է «կառուցողական և արդյունավետ դեր» խաղալ այս գործընթացում։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և կնքել, իր խոսքով, «արդար և իրավահավասար» գործարք, որը ենթադրում է միջուկային զենքից լիակատար հրաժարում:
ԱՄՆ առաջնորդը նաև հիշեցրել էր 2025 թվականի հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին «Կեսգիշերային մուրճ» (Midnight Hammer) գործողության շրջանակում իրականացրած հարվածները՝ հայտարարելով, որ «հաջորդ հարձակումը կլինի ավելի կոշտ» և կոչ արել «չհասցնել դրան»: