ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՀՀ–ում զբոսաշրջային ծառայությունների ոլորտում միասնական խաղի կանոններ կսահմանվեն, որոնք ներկայացված կլինեն թվային հարթակում։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ զբոսաշրջային գործունեություն կարող են ծավալել այն ընկերությունները, որոնք կգրանցվեն միասնական հարթակում, որի շնորհիվ հստակ կերևա` ո՞րն է հյուրանոց, որն է հոսթել, որը` առողջարան և այլն։
Դրանից հետո էկոնոմիկայի նախարարությունը այս ընկերություններին կտա հավաստագրեր ու եթե պարզվի` նրանց ներկայացրած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ապա քրեական պատասխանատվության կենթարկվեն։
Բացի այդ, նախարարի խոսքով, կլինի նաև բալային համակարգ, ըստ որի` որքան լինի բողոք տվյալ ընկերության վերաբերյալ, այնքան նրա բալերը կիջնեն, իսկ վերջնարդյունքում կդադարեցվի գործունեությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց` քանի որ մարդիկ զբոսաշրջային ծառայությունները սկսել են ձեռք բերել հիմնականում առցանց, արդյունքում շատ հաճախ ֆոտոշոփով ստեղծված պատկերներն են ընտրության հարցում մեծ դեր կատարում։
«Հաճախ, երբ մարդիկ գալիս ու իրենց պատվիրած սենյակը տեսնում են, հասկանում են` իրականությունն ու համացանցային պատկերը խիստ տարբերվում են։ Հատկապես օտարերկրյա զբոսաշրջիկներն այս դեպքում ստիպված դիմում են պետական մարմիններին, որոնք էլ իրենց հերթին չունեն պատասխանատվության ենթարկելու համապատասխան լծակներ։ Այս նախագծով այս հարցը լուծվում է»,– նշեց նա։
Ի դեպ, Փաշինյանը հայտարարեց, որ օրինակ` ամանորյա միջոցառումներին պետք է սկսենք վերաբերվել որպես զբոսաշրջային ապրանք, քանի որ տարեց տարի ավելանում են այդ օրերին զբոսաշրջիկների թիվը։ Ըստ այդմ` հատուկ ուշադրություն պետք է դարձնել այս միջոցառումների իրականացման վրա։