ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՀՀ–ում կստեղծվի արագ արձագանքման բժշկական թիմ (ԱԱԲԹ)։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Արագ արձագանքման բժշկական խումբը (ՀՀ ԱԱԲԽ) կարող է ներգրավվել ինչպես ՀՀ–ում արտակարգ իրավիճակների հետևանքով տուժածներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու աշխատանքներին, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Ըստ ընդունված որոշման` այս խումբը պետք է լինի ինքնաբավ (self sufficient), այսինքն` հագեցած լինի անձնակազմով, գույք–սարքավորումով, սնունդով և այլն, ունենա այն ամենը, ինչն անհրաժեշտ է ցանկացած վայրում տեղակայվելու և տուժած քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար:
ՀՀ ԱԱԲԽ–ի գործունեության համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերումն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեից առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին: Ծախսերի ավելացում կառաջանա ՀՀ տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելությունների մեկնելիս:
Առողջապահության նախարարության հետ այս միջոցառման համակատարող կլինի ներքին գործերի նախարարությունը:
Արագ արձագանքման խմբի ստեղծման համար համապատասխան իրավական հիմքեր ունենալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։