Որոշ շրջաններում ձյուն է տեղում և մառախուղ է. ի՞նչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Ձնապատ ճանապարհներ. Արխիվային լուսանկար
Որոշ ճանապարհներին կա մերկասառույց, ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Այսօր` ժամը 19:40-ի դրությամբ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտից։
«Տավուշի մարզի Ջուջևան-Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,– նշված է հաղորդագրությունում։
Այս պահին Սևանի, Ճամբարակի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ապարանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր։ Կոտայքի տարածաշրջանում էլ է մառախուղ, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Արթիկի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։
Կառույցից նաև նշել են, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։