ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Վաղարշապատ խոշորացված համայնքում վաղ առավոտից սկսված բռնաճնշումների հետևանքով արդեն ավելի քան 10 անձ է ձերբակալվել։ Հրատապ հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը։
Ավելի վաղ նա գրառում էր արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում` նշելով, որ Վաղարշապատում բռնաճնշումներ են սկսվել ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ: Նա գրել էր, որ 5 անձ է ձերբակալվել, խուզարկություններ են իրականացվում։
«Ձերբակալվածների թիվն արդեն գերազանցում է տասը, բայց հստակ թիվ կդժվարանամ ասել, քանի որ ամեն րոպե այդ թիվը մեծանում է։ Կան մարդիկ, որ ընդհանրապես չեմ հասկանում՝ ինչու են հայտնվել թիրախում, քանի որ ո՛չ ակտիվ քարոզչություն են իրականացրել, ո՛չ մեր ցուցակում եղել են։ Որքան տեղյակ եմ խոսակցություններից, նրանք մեղադրվում են մարդկանց ուղղորդելու մեջ։ Հստակ մեղադրանքին չեմ տիրապետում, մեր փաստաբանները առանձին հանդես կգան հայտարարությամբ»,- ասաց խմբակցության ղեկավարը։
Խաչատրյանի համար անհասկանալի է ստեղծված իրավիճակը, հատկապես այն պատճառով, որ Վաղարշապատի ընտրություններից 4-5 ամիս հետո են նման գործողություններ տեղի ունենում։
«Կարծում եմ՝ իշխանությունները վախենում են, երևի վախ չափողի մոտ պետք է գնան։ Երևի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններն էլ կապ ունեն։ Փորձում են մարդկանց ճնշել, վախեցնել։ Ուզում են հասկացնել՝ ով ընդդիմադիր հայացք ունենա, ապա բռնաճնշումների է ենթարկվելու, ձերբակալվելու կամ կալանավորվելու է»,- ասաց Խաչատրյանը։
Նա բացառեց ավագանու իրենց անդամների, շտաբում ընդգրկված ակտիվ ներկայացուցիչների կողմից իրականացված որևէ ապօրինություն։ Շեշտեց՝ փորձել են գործեր «կարել», բայց չի ստացվել, հիմա էլ ինչ-որ անհեթեթ բան են մտածել։ Քաղաքական գործիչը վստահ է՝ նպատակ կա խորհրդարանական ընտրություններից առաջ վախի մթնոլորտ ստեղծել, թիմում պառակտում մտցնել, մարդկանց հարազատներին լռեցնել։ Նրա խոսքով՝ այդ ամենը իշխանություններին չի հաջողվի։
Խաչատրյանը չբացառեց նաև կալանավորումները, սանկցիաներ կիրառելու հավանականությունը։ Իր տեղեկություններով խուզարկությունների ժամանակ իրավապահները որևէ բան չեն գտել։ Ըստ Խաչատրյանի՝ այս պահին ձերբակալվածների թվում ավագանու անդամներ չկան, բայց ցուցակում ընդգրկված թեկնածուներ կան։ Ձերբակալվածների մի մասը ոստիկանության բաժանմունքներում է, մյուս մասն էլ` քննչական։
Հիշեցնենք` Վաղարշապատում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին նոյեմբերի 16–ին։ Ընտրություններին մասնակցած 8 քաղաքական ուժերից 3–ն ապահովեցին անցողիկ շեմը («Քաղաքացիական պայմանագիր», «Հաղթանակ» դաշինք, «Մայր Հայաստան»)։