ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Իրանը պատրաստ է ցանկացած ստուգման։ Այս հայտարարությունն արել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը` Իսլամական հեղափոխության 47-րդ ամյակին նվիրված ելույթի ժամանակ անդրադառնալով Թեհրանի միջուկային ծրագրին։
«Մենք անկեղծ ենք աշխարհի և մեր սեփական ժողովրդի հետ մեր հարաբերություններում։ Մենք միջուկային զենք ստեղծելու ձգտում չունենք, բազմիցս ասել ենք այդ մասին։ Մենք պատրաստ ենք ցանկացած ստուգման», – ասել է Փեզեշքիանը։
Նրա խոսքով՝ անվստահության բարձր պատը, որը ԱՄՆ-ն ու Եվրոպան ստեղծել են սեփական հայտարարությունների նկատմամբ, թույլ չի տալիս, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունն արդյունք տա։
«Սակայն հանուն տարածաշրջանի խաղաղության և հանգստության մենք ակտիվ երկխոսություն ենք վարում հարևան երկրների հետ։ Տարածաշրջանի խնդիրները կարող են լուծել միայն նրանք, ովքեր ապրում են այդ տարածաշրջանում, ոչ թե հեռվից եկող օտարները», – հավելել է Իրանի նախագահը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները փետրվարի 6-ին Մասկատում (Օման) բանակցություններ անցկացրին Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ բանակցությունները լավ ընթացք են ունեցել և կշարունակվեն։ Փետրվարի 8-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծեց, որ Իրանը պնդում է ուրանը հարստացնելու իր իրավունքը, նույնիսկ եթե դա պատերազմի հանգեցնի։